Լրահոս

02.08.2011 14:21


Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել:

Իրացնելով օպերատիվ տվյալները` մայրաքաղաքում հայտնաբերվել է ոգելից խմիչքի` միանգամից մի քանի արտադրամաս, որտեղ արտադրել և առանց ակցիզային դրոշմանիշի օղի, կոնյակ և գինի են իրացրել:

Մի դեպքում  պարզվել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի ոգելից խմիչք է արտադրվել և վաճառվել Արաբկիրում` Ադոնցի փողոցում գտնվող կազմակերպությունում` արտադրանքն իրացնելով արտադրամասի տարածքից: Նմանատիպ գործունեություն էին ծավալել նաև “Առաքել ալկո” ընկերությունը` Արցախի և  “Զար ընդ Գար ալկո”-ն` Արշակունյաց փողոցներում: Վերջինիս ապօրինի արտադրանքը` չդրոշմավորված օղի, կոնյակ և գինի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է  “Ֆորդ տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայի մեջ, նաև` մայրաքաղաքի և Քասախ գյուղի բնակիչների  մոտ, ովքեր հայտնել են, որ ապրանքը ձեռք են բերել հենց նշված ընկերությունից:

Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նաև հացաթխման ապօրինի արտադրամաս են հայտնաբերել: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալվել էր  Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, որտեղ քաղաքացին լավաշ է թխել ավտոտնակում:

Ապօրինի ձեռնարկատիրության մյուս դեպքն էլ բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` մայրաքաղաքի Աճառյան փողոցում: Այդտեղ արագ սնունդ է պատրաստվել և իրացվել` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը