Աշխարհ

19.04.2022 15:04


ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին». Շոյգու

ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին». Շոյգու

Վաշինգտոնն ու նրա վերահսկողության տակ գտնվող արևմտյան երկրներն ամեն ինչ անում են, որ ձգձգեն ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ժամանակ:

«Արտասահմանյան զենքի մատակարարումների աճող ծավալները ցույց են տալիս, որ նրանք մտադիր են սադրել Կիևի ռեժիմին պատերազմելու «մինչև վերջին ուկրաինացին», -ասել է նախարարը:

Մինչդեռ նա ավելացրել է, որ ՌԴ Զինված ուժերը հետևողականորեն կատարում են ԼԺՀ-ու ԴԺՀ-ի ազատագրման ծրագիրը, զինծառայողները մարտական առաջադրանքներ կատարելիս արիություն ու հերոսություն են ցուցաբերում:

Ընդ որում, նրա գնահատմամբ, ռուսական զորքերի գործողությունները և կիրառվող սպառազինության որակը ևս մեկ անգամ ցույց են տալիս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սահմանված ՌԴ զինված ուժերի զարգացման գերակայությունների ճիշտ լինելը:

Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունը կշարունակի ավելացնել Հյուսիսային նավատորմի խմբավորումների մարտական հնարավորությունները:

«Այդ ծրագրերի իրագործումը թույլ կտա փուլ առ փուլ ավելացնել 14-րդ բանակային կորպուսի մարտական կազմը, գրեթե մեկուկես անգամ բարձրացնել առափնյա զորքերի մարտական ներուժը՝ ապահովելով երկրի հուսալի պաշտպանությունն ու ինքնիշխանությունը հյուսիսային սահմաններում»,-ասել է Շոյգուն:

Նախարարը նաև հայտնել է, որ Հյուսիսային նավատորմում ստեղծվելու է ռադիոլոկացիոն ընդհանուր դաշտ, ավելացվելու են ՌԴ Արկտիկական գոտում օդային տարածքի վերահսկման զենիթահրթիռային համալիրների հնարավորությունները:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը