Քաղաքական

17.04.2022 15:30


Հույս ունեմ՝ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին դարձնել օբյեկտ․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)

Հույս ունեմ՝ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին դարձնել օբյեկտ․ Գեղամ Ստեփանյան (տեսանյութ)

Եթե անգամ կայացվի այնպիսի որոշում, որը չի բխի Արցախի շահերից, թե՛ հասարակությունը, թե՛ ընտրված իշխանությունը կբոյկոտեն այն։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

«Ես հույս ունեմ, որ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին ուղղակի դարձնել օբյեկտ, հաշվի չառնել նրա կարծիքը եւ գնալ ու բանակցել մի բան, որն ուղղակի անընդունելի է այն մարդկանց համար, հանուն որոնց բանակցում է։ Եթե անգամ մենք հասնենք դրան, ես վստահ եմ, որ թե Արցախի բնակիչները, թե ընտրված իշխանությունը բոյկոտելու են, չեն ընդունելու նման որոշում։ Այստեղ հարցը նորից տարվելու է միջազգային հարթակ, եւ եթե նման բան լինի ապա Արցախի ժողովուրդը ստիպված կլինի ինքն իր անունից բանակցելու։ Ի վերջո, խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, որոնց ճակատագիրը մեկ ստորագրությամբ չպետք է որոշեն ոչ Հայաստանը, ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ առավել եւս Ադրբեջանը»,-ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։

***

Արցախի համար կա հստակ սահմանված գիծ՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

«Այս պարագայում շատ բնական էր Արցախի քաղաքական ամենակարեւոր մարմնի արձագանքը Հայաստանի խորհրդարանում հնչեցրած մտքերին։ Հստակ սահման է գծված, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հստակեցնում ենք դիրքորոշումը այսպես՝ Արցախի ժողովրդի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար Արցախը երբեւէ եւ որեւէ կարգավիճակ չի կարող ունենալ Ադրբեջանի կազմում։ Ամենացածր նշաձողը, որը կարող ենք դնել այն է, որ Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող լինել առանց ինքնորոշման իրավունքի։ Սրանից այն կողմ այլ իրավունք չկա»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ժողովրդի իրավունքների մեջ մտնում է հենց ինքնորշման իրավունքը՝ անգամ եթե որեւէ շեշտադրում դրան չի կատարվում։ Հակառակը մտածելը, ըստ նրա՝ մոլորություն է։

«44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները եւ ցեղասպանական ակտերը հստակ ցուցիչ են, որ Արցախի ժողովուրդը, գտնվելով Ադրբեջանի կազմում, չի կարող ունենալ երաշխավորված իրավունքներ, անգամ եթե Արցախում տեղակայվեն ամենամարտունակ խաղաղապահ զորքը, միջազգային կազմակերպությունները։ Սա էմոցիոնալ գնահատական չէ, սա փաստ է։ 30 տարի շարունակ հայատյացությամբ մեծացած սերունդը, ինչպե՞ս կարող է երաշխավորել այն անձանց իրավունքները, որոնց հանդեպ լցված է ատելությամբ»,-ընդգծեց Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Շուշի քաղաքում ռադիոակայան է գործարկվել, որն օրվա ընթացքում մի քանի անգամ նաեւ հայոց լեզվով եթեր է տալիս՝ այսպիսով փորձելով ապացուցել, թե իբր պաշտպանված են հայկական փոքրամասնության իրավունքները․ «Տրված նյութի բովանդակությունը, սակայն, ամբողջությամբ հայատյացություն է, այսինքն՝ հայերենով հայատյացություն են քարոզում»։

Այս խորագրի վերջին նյութերը