Լրահոս

29.07.2011 17:45


Վարչապետ Սարգսյանը և IFC-ի ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության ընթացքից և կարևորել դրա հետագա խորացումը: Զրուցակիցներն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին ՄՖԿ-ի հնարավոր մասնակցության հարցին: Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է: Մասնավորապես, նա նշել է, որ ՀՀ կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը վկայում է գիտական ներուժի կիրառման մասին և հնարավորություն կտա արդիականացնել առողջապահության ոլորտը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է ՀՀ կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում: Հանդիպման ընթացքում արծարծվել է Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման գործում կորպորացիայի հնարավոր օժանդակության հարցը: Այս առնչությամբ հյուրերը վարչապետին են ներկայացրել տարբեր երկրներում ՄՖԿ-ի աջակցությամբ նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը: Քննարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում «Doing Business»-ի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` միտված հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար:

Այս խորագրի վերջին նյութերը