Կարծիք

07.04.2022 15:09


Լիսաբոնից մինչև Բրյուսել. հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունները (Մադրիդյան հաղթանակը՝ հանած)

Լիսաբոնից մինչև Բրյուսել. հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունները (Մադրիդյան հաղթանակը՝ հանած)

Արցախյան 1–ին պատերազմում պարտվելուց 2 տարի անց ադրբեջանական դիվանագիտությունը հասավ մեծ հաջողությունների, որն արձանագրվեց Լիսաբոնի գագաթաժողովում՝ 1996–ին։ Աշխարհն ընդունում էր Արցախն Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն չուներ գեթ մեկ դաշնակից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու հարցում։ Դա Հայաստանի իշխանությունների խայտառակ ձախողումն էր։

Լիսաբոնից հետո եղավ 1998–ի իշխանափոխությունը։ Սկսեց Լիսաբոնում տեղի ունեցածը հետ պտտեցնելու գործընթացը։ Իշխանափոխությունից 9 տարի անց՝ 2007թ., միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթն՝ առանց սահմանափակումների։ Դա Լիսաբոնի խայտառակությունից հետո Մադրիդում արձանագրված հսկայական դիվանագիտական ու ռազմավարական հաղթանակ էր։

2018–ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախ Ստեփանակերտում արած հայտարարությամբ, ապա Դուշանբեում ու աշխարհի այլ քաղաքներում իր վարքագծով տապալեց բանակցային գործընթացը, թաղեց Մադրիդյան սկզբունքները և ծնեց, այպես կոչված, Մյունխենյան անհեթեթ սկզբունքները՝ հիմար վիճակի մեջ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հնարավորություն տալով Ադրբեջանին անցնել հարձակման։ 44–օրյա պատերազմն ու պարտությունը միանշանակորեն կարելի է կոչել Նիկոլ Փաշինյանի անունով։

Ինչ վերաբերում է հետպատերազմական գործընթացներին, ապա Բրյուսելում երեկ արձանագրվել է հերթական խայտառակությունը, որն ավելի վատն է, քան 1996–ին Լիսաբոնում արձանագրվածը։

Եթե Լիսաբոնում ՀՀ–ն մենակ մնաց, բայց գոնե վետո դրեց հակաղարաբաղյան հայտարարության վրա, ապա Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը բավարարեց ադրբեջանական բոլոր պահանջները, այսինքն՝ վետո չդրեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական ծրագրի վրա։

Բրյուսելյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ բառ անգամ չկա Արցախի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Փաստորեն, Ադրբեջանը և՛ 1–ին պատերազմում պարտությունից, և՛ 2–րդ՝ 44–օրյա պատերազմում հաղթանակից 2 տարի անց դիվանագիտական հաղթանակներ է տանում։ Երկու դեպքում էլ ՀՀ–ում իշխել է իրեն «խաղաղության կուսակցություն» ներկայացնող թիմը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը