Լրահոս

28.07.2011 15:06


Բարոնուհի Քոքսը կրկին Արցախում է

Բարոնուհի Քոքսը կրկին Արցախում է

Բարոնուհի Քոքսը կրկին Արցախում է: Եվ ինչպես գրեթե միշտ` ոչ միայնակ: Նրան ընկերակցող խմբում ընդգրկված են տարբեր տարիքի եւ մասնագիտության երեք տասնյակից ավելի ուխտավորներ: Արցախ կատարած իրենց այցելությունը նրանք որակում են ոչ այլ կերպ, քան որպես ուխտագնացություն: Երեկ նրանց ընդունել է Արցախի Հանրապետության վարչապետ Ա.Հարությունյանը:

Քերոլայն Քոքսի Արցախ կատարած առաջին այցը 1991 թվականին էր. արդեն 20 տարվա պատմություն ունի Արցախի եւ բարոնուհու ոչ թե ծանոթությունը, այլ` անկեղծ բարեկամությունը: Մյուս կողմից` այս այցը լիովին տեղավորվում է նաև դեռ 10 տարի առաջ, Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում մեկնարկած ուխտագնացությունների տրամաբանության մեջ: Նախաձեռնության հեղինակը մեկ այլ հոբելյան է մատնանշում. Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի նախաշեմին սպասված հյուրի կարգավիճակով այստեղ գտնվելը պատիվ է ցանկացած օտարերկրացու համար:

Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ի շարս հասարակական, սոցիալ-տնտեսականի, նաև քաղաքական հարցեր շոշափվեցին: Խոսքը, բնականաբար, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին է: Ա.Հարությունյանը հակիրճ անդրադարձել է ընթացիկ բանակցություններին, նշելով, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն արցախյան պահանջների բավարարումով:

Այսօր ամենից ավելի ինչի՞ կարիք ունի Լեռնային Ղարաբաղը` հետաքրքրվում են հյուրերը: Վարչապետը վստահեցնում է` ուշադրության եւ բարեկամների: Իսկ մյուս խնդիրները փորձում են ինքնուրույն կարգավորել: Ինչ վերաբերում է բարեկամներին, ապա նրանց շարքերը տարիների հետ ստվարանում են: Բարոնուհին վստահ է` իր գործը շարունակողներ կլինեն. հերթական անգամ նրա հետ Արցախ են եկել թոռները` Հյուգոն եւ Օլիվյան, ովքեր հայկական այս երկրամասի հետ ծանոթացել են 13 տարի առաջ, երբ դեռ ընդամենը հինգ տարեկան էին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը