Աշխարհ

30.03.2022 15:49


Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ռազմական ընդլայնված շրջանակային համաձայնագիր»

Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ռազմական ընդլայնված շրջանակային համաձայնագիր»

Ուզբեկստանն ու Թուրքիան ստորագրել են «ռազմական ընդլայնված շրջանակային համաձայնագիր», հաղորդում է Podrobno.uz-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը։

Փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ուզբեկական կողմից՝ պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը։

Թե որն է այդ փաստաթղթի էությունը, կողմերը չեն բացահայտում։ Սակայն Տաշքենդում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ուզբեկստանի միջև կնքվել են պայմանագրեր պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որոնցում երկրները «մեծ ներուժ» ունեն։

«Այսօր մենք նոր համաձայնագրեր ենք ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, և պատրաստ ենք ձեզ հետ կիսել պաշտպանական արդյունաբերության մեր ռեսուրսները։ Այս ոլորտում Թուրքիայի ձեռքբերումներն արդեն հայտնի են»,-ասել է Էրդողանը։

«Մենք նաև պայմանավորվեցինք հետագայում զարգացնել մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, տրանսպորտը, էներգետիկան, առողջապահությունը, կրթությունը»,-հավելել է Էրդողանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը