Կարծիք

29.03.2022 21:51


Խղճուկ, ողորմելի, մուրացկան (տեսանյութ)

Խղճուկ, ողորմելի, մուրացկան (տեսանյութ)

Օրվա լրահոսին հետևելիս աչքովս մի վերնագիր ընկավ՝ «Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը բանավիճել են»։

Ես լրահոսին վերնագրերով ու նկարներով հետևողներից չեմ և այդ առումով՝ ոչ ժամանակակից։ Նման վերնագիր կարդալով զարմացա (Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի պահվածքի ֆոնին Ալեն Սիմոնյանի բանավիճելը կարող է անգամ խիստ ընդդիմադիր գործունեություն ընկալվել), բայց նաև ներքին ուրախություն ապրեցի՝ անկախ Ալեն Սիմոնյանի և ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մասին ունեցած իմ խիստ բացասական կարծիքից։ Ուրախացա, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան կարող է ոչ միայն համաձայնել, քծնել, նվաստանալ, այլ բանավիճել Ադրբեջանի պաշտոնակցի հետ։

Նայեցի «բանավեճի» տեսանյութն ու համոզվեցի, որ հերթական անգամ մամուլը շփոթեցնող, բովանդակությանը չհամապատասխանող վերնագիր է դրել։ Նայեցի և համոզվեցի, որ սրանք ինչպես ողորմելի, մուրացկան կային, այնպես էլ մնացել են։

Բանն այն է, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակուհին ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին ելույթ ունենալով՝ ամբողջությամբ առաջ է տարել Ալիևի գիծը, ըստ որի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հայ ռազմագերիներ չկան ու դրանք հանցագործներ են, հայերն են Քարագլխի հատվածում դիմել սադրանքի և այլն, և այլն, և այլն։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ չի ուզում պոլեմիկայի մեջ մտնել ու կրկնում Նիկոլ Փաշինյանին՝ պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել։

Ադրբեջանի խոսնակուհին հայկական կողմին համարում է հանցագործ, ավելացնելով՝ կան Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներ, որոնց հիման վրա առաջարկվել է սկսել բանակցությունները (այդ սկզբունքներում կարմիր թելով անցնում է «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» թեզը)։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ ՀՀ-ն կողմ է այդ սկզբունքներին, ու խաղաղություն մուրում։

Խոսնակուհին բոլորի ներկայությամբ հակահայկական ելույթ է ունենում, իսկ Ալեն Սիմոնյանը մուրում է խաղաղություն ու վերջում ինքնանվաստացման ակտի մասնակցում՝ ծափահարում, այսպես կոչված, խաղաղությանը (թրքասեր Գուրգեն Արսենյանն էլ այդ ծափահարություններից բերանն է լայն բացում՝ յուրօրինակ ձևով մասնակցելով ինքնանվաստացման ակտին)։

Խաղաղություն, որն Ադրբեջանը ոչ միայն չի խոստանում, այլև սպառնում է ավելի մեծ «խաղաղությամբ»։

Սրանք մեր երկիրը դարձրել են ողորմելի, մուրացկան, խղճուկ։ Իրենց պես։ Ու ամոթ բոլորիս, որ այս ոչնչություններն են ներկայացնում Հայաստանը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը