Աշխարհ

29.03.2022 21:26


ՌԴ ՊՆ-ն եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում լարվածության լիցքաթափման ուղղությամբ. Զախարովա

ՌԴ ՊՆ-ն եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում լարվածության լիցքաթափման ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

«The Moscow Post» օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու շփման գծում և կարող է արդյոք դա լինել սադրանք Ադրբեջանի կողմից, միգուցե նույնիսկ Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ուշադրությունը Ուկրաինայի վրա, Զախարովան պատասխանել է հետևյալը. «Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ: Եթե նայեք այդ հայտարարությունը՝ կտեսնեք, որ մենք թախանձագին կոչ ենք արել կողմերին ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, Զախարովայի խոսքով, մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին արդիական տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:

Այս խորագրի վերջին նյութերը