Լրահոս

27.07.2011 17:11


Սերժ Սարգսյանն ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ», «ՎԿՍ» և  հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Նախագահը ողջունել է «Հանիել գրուպ»-ի գործունեությունը մեր երկրում, նշելով, որ օրեր առաջ է ներկա գտնվել ընկերության Ամասիայի նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը և կարևորում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ներդրումային ծրագրերի իրագործումը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խրախուսման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, և այսուհետ էլ երկրի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի բացմանն ուղղված այդ քաղաքականությունը շարունակվելու է:

Երկուստեք հեռանկարային են համարվել Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներդրումները, կարևորվել է մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը և «Հանիել գրուպ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում համաշխարհային շուկայում տեղի ունեցող ներկա զարգացումներն ու կառուցվածքային տեղաշարժերը, դիտարկել` Հայաստանի շուկայական դիրքավորման հնարավորությունները:

«Հանիել գրուպ»-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` մեր երկրում իրենց ծրագրերին աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ընկերությունը Հայաստանում համագործակցության և առաջընթացի ամուր հիմքեր է տեսնում, որը հեռանկարային զարգացման ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է:

Այս խորագրի վերջին նյութերը