Լրահոս

27.07.2011 14:47


Կանխվել են մաքսանենգության մի շարք դեպքեր

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության և նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել:

Այսպես, օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել “Կարգո Ջեթ Լայն”  ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր: Թմրանյութը թաքցված է եղել գետնանուշի կարագով լի տարայի մեջ և փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով:

Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը  ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված “Լադա 112” մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա: Հենց այդտեղ էլ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը:

Նույն մաքսատանը և դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշևի անվամբ Հոլանդիայից ներմուծված “OPEL VECTRA” մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջևի նստատեղի տակ:

Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց, “Lorazepam 1” և “Clorazepam-Sobham 2”, “TRAMADOL HYDROCHLORIDE 100mg”, “TRAMADOL HYDROCHLORIDE 200mg” և “TRAMADOL 100” տեսակի հաբեր:

210 հատ “Բուպրենորֆին” տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին:                  Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են նաև մաքսանենգ կարամելի և շոկոլադի ներմուծումը հանրապետություն: Մաքսանենգ ապրանքը Բավրայի մաքսակետով փորձել էր Հայաստան տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը վերջինս տեղավորել էր ավտոմեքենայի մեջ հատուկ հարմարեցված թաքստոցում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը