Աշխարհ

25.03.2022 15:35


Չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչի. Էրդողանն ասել է՝ ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչի. Էրդողանն ասել է՝ ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Թուրքիայի իշխանությունները չեն միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ չեն կարող թույլ տալ իրենց քաղաքացիներին սառել առանց ռուսական գազի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցների առումով մենք գնահատում ենք ՄԱԿ-ի որոշ գծեր, բայց չմոռանանք, որ մենք չենք կարող մի կողմ դնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Գիտեք, ես դա վաղուց եմ բացատրել, քանի որ այսօր, եթե հաշվի առնենք միայն բնական գազը, ապա մեր սպառած բնական գազի մոտ կեսը ստանում ենք Ռուսաստանից։ Բացի այդ, այսօր մենք Ռուսաստանի հետ կառուցում ենք մեր «Աքկույու» ատոմակայանը։ Մենք չենք կարող այս ամենը մի կողմ թողնել։ Երբ ես սա ասում եմ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնին, նա ասում է. «Դուք իրավացի եք»: Այնպես որ ոչինչ անել հնարավոր չէ, մենք պետք է պահպանենք մեր նրբանկատությունն այս հարցում։ Նախ, ես չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչի, և երկրորդը, ես չեմ կարող ամբողջությամբ վերագործարկել մեր այս արդյունաբերական ոլորտը,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը