Աշխարհ

24.03.2022 19:21


Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը. Զախարովա (տեսանյութ)

Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը. Զախարովա (տեսանյութ)

Մոսկվան՝ պահպանելով շփումները երկու կողմերի հետ, կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, եւ հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,-նշել է նա։

Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։

Խոսելով եռակողմ հայտարարությունների իրականացման մասին՝ Զախարովան նշել է, որ շեշտը դրվում է մի քանի առաջնահերթ ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթանում է տրանսպորտային երթուղիների զարգացման փաթեթների համաձայնեցում, շեշտը դրվում է երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցության վրա: «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ դրան հաջորդած սահմանագծման գործընթացի մեկնարկի առումով Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ շարունակվում են միջգերատեսչական շփումները»,-ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել ադրբեջանի կողմից շփման գծի խախտման մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները»։

Հիշեցնենք, որ Արցախում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին եւ վերականգնել գազամատակարարումը: Այնուհետեւ ՀՀ կառավարության եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազամատակարարումը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը