Քաղաքական

18.03.2022 11:08


Արցախի սահմանամերձ գյուղերում մարտական տրամադրվածությունը ոգևորիչ էր. Արթուր Խաչատրյան

Արցախի սահմանամերձ գյուղերում մարտական տրամադրվածությունը ոգևորիչ էր. Արթուր Խաչատրյան

Մարտի 17-ին աշխատանքային այցով Արցախում էին գտնվում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանիը Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: Նրանք այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, որտեղ անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների հետևանքով լարված է եղել սահմանային իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ այցը 3 նպատակ ուներ: «ԱՀ և ՀՀ խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցության ստեղծումն է, քանի որ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ի և ԱՀ ԱԺ-ի միջև կապեր չկան: Եթե իշխանությունները հրաժարվում են այդ առաքելությունն իրականացնել, ապա գոնե ընդդիմությունը պարտավոր է լրացնել այդ բացը՝ իր հնարավորությունների շրջանակում: Մյուսը տեղում ծանոթանալ ստեղծված կացությանը, հանդիպել մարդկանց հետ: իհարկե մենք ամենօրյա կապ ունենք մեր կուսակցական ընկերների հետ, սակայն հանդիպել, տեսնել խոսելն այլ նշանակություն ունի: Այցելեցինք Խրամորթ, Խնապատ, խոսեցինք մարդկանց հետ, ցույց տվեցինք , որ Հայաստանում ընդամենը մի փոքր մասն է, որ փորձում է օտարվել Արցախից: Զգալի թվով հայաստանցիներ Հայաստանի ապագան առանց Արցախի չեն պատկերացնում»,-ասել է Ա. Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների հետ, այցելել Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, ԱՀ ԱԺ-ում հանդիպել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորների հետ:

«Քննարկեցինք օրակարգային խնդիրներ, անդրադարձանք ստեղծված իրավիճակին և օրենսդիրի մակարդակով հարաբերությունների ստեղծման և սերտացման հնարավորությունների մասին»,-նշել է նա:

Նրա խոսքով սահմանամերձ համայնքներ այցելությունը իրենց շատ ոգևորեց, քանի որ տեսան մարդկանց մարտական տրամադրվածությունը և խուճապային տրամադրությունների բացակայությունը:

«Մեզ համար ոգևորիչ էր, հատկապես, երբ մեզ բոլորիս ճանաչեցին նշյալ գյուղերում. ուրեմն հետևում են մեր գործունեությանը: Կարծում եմ՝ նրանք էլ հասկացան, որ եթե եկել ենք, ուրեմն մտահոգ ենք այդ գյուղերի և առհասարակ Արցախի ճակատագրով»,-ասել է Ա. Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը