Աշխարհ

10.03.2022 18:15


COVID-19-ը կարող է ուղեղի փոքրացում առաջացնել. հետազոտություն

COVID-19-ը կարող է ուղեղի փոքրացում առաջացնել. հետազոտություն

COVID-19-ը կարող է հանգեցնել ուղեղի գորշ նյութի ծավալների փոքրացման։ Այս մասին նշվել է Nature ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Ինչպես նշել է Medportal.ru-ն, կորոնավիրուսային վարակը հաճախ առաջացնում է համի և հոտի խախտումներ։ Բրիտանացի մասնագետներն ապացուցել են, որ դա կարող է հանգեցնել գլխուղեղի գորշ նյութի ծավալների փոփոխության հոտառության հետ կապված մասերում։

Գլխուղեղի նախորդ հետազոտությունները՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) և պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիայի (ՊԷՏ) օգնությամբ, նույնպես վկայել են COVID-19-ով պացիենտների ցերեբրալ անոմալիաների մասին։ Բայց ներկա հետազոտությունը առաջին լոնգիթյուդ հետազոտությունն է երկակի վիզուալացմամբ, որում համեմատվել են ուղեղի պատկերները COVID-19-ից առաջ և հետո։

Հետազոտողները գնահատել են Մեծ Բրիտանիայի 51-81 տարեկան 587 բնակչի ուղեղները, որոնք երեք տարվա մեջ երկու անգամ տոմոգրաֆիա են անցել UK Biobank ուսումնասիրության շրջանակում։ Երկու սքանավորումների միջև 401 մասնակցի մոտ ախտորոշվել է COVID-19։ Կորոնավիրուսով վարակված պացիենտների ուղեղի սքանավորումը համեմատել են հսկիչ խմբի արդյունքների հետ։

Այդ բոլոր պատկերների համեմատությունը ցույց է տվել COVID-19-ի բացասական ազդեցությունը գլխուղեղի վրա. հետևողականորեն փոփոխվել են ուղեղի կեղևի հաստությունն ու միջին դիֆուզիոն կարողությունը։

Գիտնականների խոսքով՝ փոփոխություններն առաջին հերթին նկատվել են լիմբիկ և հոտառական համակարգերում։ Այդ էֆեկտները կարող են կապված լինել գլխուղեղի հոտառական բջիջներում վարակի տարածման հետ։

Գիտնականների խոսքով՝ առայժմ դժվար է ասել՝ արդյոք ուղեղի փոփոխությունները կվերականգնվեն, թե արդեն մշտական կդառնան։ Սա պարզելու համար նոր հետազոտություններ կպահանջվեն։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը