Լրահոս

25.07.2011 13:22


ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից գյումրեցիները որևէ ակնկալիք չունեն

Վերջին շրջանում ՀԱԿ-ի և իշխանության մինչև ընթացող ակտիվ երկխոսությունը և պատվիրակությունների հանդիպումները մեծ մասամբ հիասթափեցրել են գյումրեցիներին, որոնք բանակցող կողմերից որևէ ակնկալիք չունեն:

«Ես առանձնապես որևէ սպասելիք չունեմ, քանի որ լավ բան դեռ չեմ տեսել: Որ հանդիպեցին, ի՞նչ արդյունքի հասան, արդյունք եղա՞վ»,- ասել է Գյումրու բնակիչ Գրիգոր Վարդանյանը:

Իսկ մեկ այլ քաղաքացու կարծիքով երկու բանակցողներն էլ որևէ վստահության արժանի չեն, քանի որ նրանց կառավարման պատճառով է, որ երկիրը հայտնվել է չարքաշ վիճակում։

«Մի կողմում նրանք են, որ հիմա են կառավարում, մյուս կողմում էլ նրանք, ովքեր արդեն կառավարել են: Արդյունքն էլ այսօր տեսնում ենք: Իրենք իրար հետ «հիսա» են անում՝ բաժանում են իրար մեջ: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են բաժանում. ինձ հետաքրքիր է, թե ինձ ինչ է հասնում: Ցավոք սրտի, մտածում եմ, որ այդ բաժանումից ժողովրդին ոչինչ չի հասնելու»,- նկատել է քաղաքացի Վլադիմիր Ոսկանյանը:

Հարցվածներից շատերի կարծիքով անհատների վրա հույս դնել այլևս պետք չէ. անհրաժեշտ են նոր մոտեցումներ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար։

«Ժողովուրդը պետք է գիտակցի, որ փրկությունն անհատների մեջ չէ, այլ ժողովրդի. իմ մեկ քվեի մեջ է։ Երբ սա հասկանանք, ամեն ինչ լավ կլինի»,- նշել է մեկ այլ քաղաքացի Հովհաննես Սուքիասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը