Հարցազրույց

25.07.2011 10:49


Սերժ Սարգսյան.

Սերժ Սարգսյան.

Ծաղկաձորում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին

- Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տնից եմ՝ Մոսկվայից: Սովորում եմ Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու եմ ատոմակայանների մասնագետ: Իմ երազանքն է՝ վերադառնալ Հայաստան և աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ և լավ աշխատել ու լավ ապրել:

-Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, և կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն  բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ:

-Ես Իրանից եմ՝ Նոր Ջուղայից: Հարգելի՛ պարոն Նախագահ, այս օլիմպիադան հրաշալի պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի ներկայանանք այստեղ, ավելի մոտենանք Հայաստանին, կապ հաստատվի մեր և Հայաստանի միջև, սիրենք ու ճանաչենք, գտնենք նոր ընկերներ, սովորենք և մրցենք, բայց, ցավոք, այս մրցույթը՝ օլիմպիադան, երկու տարին մեկ է կազմակերպվում: Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի:

- Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո:

-Մեծարգո՛  պարոն Սարգսյան, ես եկել եմ Ջավախքից, անունս Հովսեփ է: Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը, և մեր այս հրաշալի օլիմպիադան նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Դուք ինքներդ մասնակից եք եղել Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը: Ըստ Ձեզ՝ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ կորուստը ո՞րն է:

- Կորուստների, սխալների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր փորձում են պատասխանատվության սեփական բաժինը իրենց ուսերից ուրիշի ուսերին բարդել: Այնպես որ, ճիշտ չէ, որ մենք խոսենք կորուստներից, սխալներից, այլ ավելի ճիշտ է դասերից խոսենք: Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել և անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաև Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել: Եվ այդ ամենագլխավոր դասը մեր ժողովուրդն արտահայտել է իր մեծ բանաստեղծի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարևոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս և լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում:

- Պարո՛ն Նախագահ, ես Սիրիայից եմ՝ Հալեպից, ճեմարանի աշակերտ եմ: Մենք, որպես դրսում ապրող երիտասարդներ, չենք մոռացել մեր հայրենիքը, մեր արմատները, մեր Հայաստանը, ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:

-Լավ հայ լինել և հորդորել ձեր բարեկամներին, հարևաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին,  երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր և եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, և այդ մասունքը բոլորինս է:

-Իմ անունը Աննա է, ես Մոսկվայից եմ: Ուզում եմ Ձեզ մի փոքր ռոմանտիկ հարց տալ: Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում մենք շատ գրողների հետ ենք ծանոթացել և գիտենք, որ Դուք ավարտել եք բանասիրական ֆակուլտետը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է Ձեր ամենասիրելի բանաստեղծը և Դուք ի՞նչ կարող եք կարդալ:

- Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար:

-Վանաձորի N5 ավագ դպրոցից եմ: Մեծարգո՛ Նախագահ, հարցս հետևյալ է՝ ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը և ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար:

-Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:

-Ես Անի Խուդաբաշյանն եմ՝ Թեհրանից: Ուղղակի մի խնդրանք ունեմ՝ ես այսօր հպարտ եմ, որ մեր երկրում գրականության և մեր լեզվի պահպանման այսպիսի մրցույթներ գոյություն ունեն: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք` ի շնորհիվ մեր լեզվի և մեր կրոնի: Եվ ես երազում եմ, որ օրերից մի օր հոգևոր նույնատիպ ձեռնարկներ ու օլիմպիադաներ գոյություն ունենան մեր երկրում: Ձեզնից ուղղակի այդ եմ խնդրում, որ հովանավորեք և նախագծեք հոգևորական օլիմպիադաներ մեր երկրում, որպեսզի 21-րդ դարում, երբ չարի ծուղակներն անընդհատ տարածվում են, դրա դեմ մեր հավատով կանգուն մնանք ու հպարտանանք, որ հայ ենք:

-Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ առաջարկություն է: Մենք քո առաջարկությունն անպայման կքննարկենք: Ես ուզում եմ տեղյակ պահել քեզ և քո ընկերներին, ընկերուհիներին, որ մենք խիստ հետաքրքրված ենք մեր եկեղեցու հարատևությամբ, մեր հավատքի անաղարտությամբ և, իհարկե, նրա պատմությամբ: Սեպտեմբերի 21-ի նախօրյակին մենք կբացենք Մատենադարանի նոր շենքը, որտեղ ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը: Այդ գրականությունն ուսումնասիրման կարոտ ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և մենք գնալով այս խնդիրները դարձնելու ենք ավելի առօրեական:

-Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը և ժամանակի ընթացքում եղել է նաև աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:

- Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել  ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք:

Այս խորագրի վերջին նյութերը