Աշխարհ

03.03.2022 14:54


Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը:

Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցների որոշումից խուսափելու ավելի կարևոր գործոն։

«Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ և խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Քալընը:

Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է լարվածությունը հանդարտեցնել և հույս հայտնել, որ միջուկային սպառնալիքը կմնա միայն հռետորաբանության մակարդակում։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի դրական մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում ընդգրկում է նաև Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր սցենարը, Քալընն ասել է, որ իրենք այս փուլում դրական չեն նայում այդ հնարավորությանը։

«Մենք տեղյակ ենք, թե որքան զգայուն է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Սա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու մենք ցանկանում ենք, որ այս անօրինական պատերազմը ավարտվի, և մենք հուսով ենք, որ ուկրաինացիները նույնպես կհասկանան մեզ»,-նշել է նա:

«Բոլոր երեք պահանջները, որոնք Ռուսաստանը բարձրացրել է այս փուլում հրադադարի համար, չափազանց մաքսիմալիստական են»,-հավելել է Քալընը:

Այս խորագրի վերջին նյութերը