Կարծիք

27.02.2022 12:01


Իրենց արևմտյան տերերին են ցույց տալիս, որ ինչ-որ բան անում են

Իրենց արևմտյան տերերին են ցույց տալիս, որ ինչ-որ բան անում են

Երեկ առավոտ մամուլը գրեց, որ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներին հրահանգվել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հնարավորինս լռել, կողմնակալ կարծիք չասել, չսադրել, մինչև «վերևներից» ասեն ինչ խոսել։ Հայտնի է, որ այդ պատգամավորների մեծ մասը հակառուս կողմնորոշում ունեն, ենթադրվում է, որ հույսով լցված են, սպասում ու աղոթում են, որ Ռուսաստանն Ուկրաինայում գործընթացների արդյունքում կտապալվի․ այդ պատճառով է զգուշացում եղել, որ, այսպես ասած՝ «չբլթացնեն», դեռ ժամանակը չէ։

Մյուս լուրն այն էր, որ հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկել Եվրախորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավոր կասեցնելու որոշմանը։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ Եվրանեսթում հակառուսական բանաձևին ՔՊ-ականները ձեռնպահ էին քվեարկել։

Բայց երեկ օրվա վերջին Նիկոլ Փաշինյանը հանդիպումն է նախաձեռնում ու անցկացնում արտախորհրդարական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Եվ ի՞նչ է հետաքրքիր․ այդ հանդիպման մասնակիցները հայտնի հակառուսական և արևմտամետ կողմնորոշում ունեցող կուսակցությունների ղեկավարներն են։ Կարելի է ասել՝ մոլի հակապուտիններ։

Կարդանք այդ հանդիպման մասնակիցների անունները․ «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյան։ Սա, այն մարդն է, որ հենց ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը բողոքի ցույց անցկացրեց Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Այդ օրն արդեն պարզ էր, որ դա արեց իշխանության աջակցությամբ, քանի որ մյուս բոլոր բողոքի ցույցերն ավարտվում են ոստիկանության բաժին բերման ենթարկումներով, իսկ հենց այս ցույցի մասնակիցներին ոչ մեկ մատով չկպավ։ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարն անգամ զարդարել է Ուկրաինայի դրոշով, իսկ Ֆեյսբուքում էլ ակտիվորեն տարածում է հակառուսական լուրեր, հակապուտինյան կոալիցիայի որոշումներ և այլն։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մյուս մասնակիցը «Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանն է․ սա էր, որ ասում էր՝ ավելի լավ է թուրքի դռան շունը լինել, քան ռուսի գործակալ: Էս մարդն ամենօրյա կտրվածքով գնում է հեռուստաեթերներ ու ՌԴ նախագահին համեմատում Հիտլերի հետ, նշում, թե «Ռուսաստանն արնաքամ է լինում», «Ռուսաստանն ապագա չունի» և այլն։

Հաջորդը «Պահպանողական կուսակցության» ղեկավար Միքայել Հայրապետյանն էր։ Սա էլ «միացավ» Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից ջնջեց նրանց, ովքեր անունները ռուսերենով էին գրել ու հայտարարեց, որ Հայաստանը պետք է մերժի ռուսական հոգևոր արժեքները։ Սա Պուտինին համարեց ցնորամիտ կայսերապաշտ և դարձյալ համեմատեց Հիտլերի հետ, Ռուսաստանի դեմ կոալիցիան համարում է երկրորդ հակահիտլերյան կոալիցիա և այլ։

Հերթով չթվարկեմ այդ հանդիպմանը մասնակցած մյուս հակառուսների ու արևմտամետների («Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան) գործունեությունը, բոլորին պարզ է:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ձևականորեն դեմ է քվեարկել տալիս հակառուսական որոշմանը, իր կուսակցությունով ձայն չի հանում, բայց տակից հենց ինքն է կազմակերպում հակառուսական և պրոուկրաինական քարոզ․ կամ միգուցե հակառա՞կը, կանչել է, որ «ականջները ձգի՞»։ Չեմ կարծում։ Ավելի շուտ, իրենց արևմտյան տերերին են ցույց տալիս, որ ինչ-որ բան անում են (դրա համար նկարել-գցել են)։

Հա, չմոռանամ ասել, ուկրաինական իշխանություններին աջակցություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը Ռուսատանի հետ դաշնակցային փաստաթուղթ էր ստորագրել ընդամենը մի քանի օր առաջ։

Նույն գծի մեջ են։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը