Լրահոս

22.08.2011 00:04


Սերժ Սարգսյան. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի»

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի  20-ին «Սևան» ազգային պարկի տարածքում հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման կողմից երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: «Միասին 2011» ֆորումի մասնակիցներին միացել էին նաև «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ արդեն շուրջ մեկ ամիս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, ինչը ոգևորիչ է: Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Ծաղկաձորում հանդիպել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող «Լույս» հիմնադրամի 2011թ. կրթաթոշակառուների հետ, Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ, ովքեր գերազանց տիրապետում են հայ գրականությանն ու պատմությանը, ինչպես նաև Համահայկական 5-րդ խաղերին մասնակցելու նպատակով աշխարհի 125 քաղաքներից ժամանած` 3500 մասնակիցների հետ: «Երբ մեր երիտասարդները կարողանում են ինքնակազ­մակերպվել, բարձրացնել իրենց հուզող հարցեր, կարողանում են մի խնդրի շուրջ միավորվել և փորձել իրենց համոզմունքն առաջ տանել, ապա դա միայն ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չեմ ուզում առանձնացնել «Միասին» շարժման երիտասարդներին «Արի տուն» ծրագրի մասնակիցներից, որովհետև հայերս մեկ միասնական ժողովուրդ ենք, բայց հանգամանքների բերումով ապրում ենք աշխարհի տարբեր ծայրերում»,-ասել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ, չունենալով բնական հարուստ ռեսուրսներ` մեր երկրի ամենահիմնական ռեսուրսը հայրենիքում և հայրենիքի սահմաններից դուրս ապրող մարդիկ են, ովքեր ոգևորվում են մեր երկրի հաջողություններով, ուրախանում և հպարտանում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի ձեռքբերումներով:

«Ցանկանում եմ, որպեսզի ձեր նվիրվածությունը մեր երկրին լինի հարատև:  Մեր ուժը մեր նվիրվածությունն է մեր հայրենիքին, մեր ազգային գաղափարներին, մեր ապագային: Այն, որ մենք շատ լավ ապագա ենք ունենալու, դրանում ես բացարձակապես չեմ կասկածում»,-նշել է Նախագահը:

«Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով շարժման վերջին չորս տարիների գործունեությունը, նշել է, որ «Միասին»-ն ակտիվորեն մասնակցել է երկրում իրականացվող բարեփոխումների և արդիականացման քաղաքականությանը և պատրաստ է այսուհետ ևս ակտիվ մասնակցություն ունենալ, այդ թվում նաև ընտրական գործընթացներին մասնակցելու ձևով:

«Իհարկե, ոգևորիչ է, որ երիտասարդները պատրաստակամ են մասնակցելու մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Բայց այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում»,-ասել է երկրի ղեկավարը և կարևորել ընտրական գործընթացներին երիտասարդների ակտիվ մասնակցությունը:

Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի և «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հարցերին:

Պատասխանելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին երիտասարդներից մեկի հարցին` Նախագահը մասնավորապես ասել է. «Խնդիրն իրոք բարդ է. բարդ, որովհետև այն ցավոտ է բոլոր կողմերի համար և խոր արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է և հիմա շատ մեծ բարդության առջև են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետև երբեք չեն փորձել, ցավոք հիմա էլ չեն փորձում, իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել և լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ: Վստահ եմ` դրա ժամանակը գալու է: Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով նկատի ունեմ  և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը:

Թեև, կրկնում եմ, իսկապես բարդ գործընթաց է: Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Արդրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետևողականորեն ատելություն է քարոզվում: Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետև սա առաջին տարին չի` կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ-մեկ որոշակի նոր ելևէջներ են մեջտեղ գալիս: Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները` Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը և ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները և ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտա­րարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել և այլն: Ադրբեջանն ունե­ցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն` ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազ­մական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ:

Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արդյո՞ք այնտեղ տեսել եք որևէ մեկի, ով կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Իհա´րկե ոչ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը