Աշխարհ

25.02.2022 16:41


Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով բանակցություններ վարել։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ»,-Պուտինի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ–ն։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,-ասել էր նա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։

Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, մի շարք դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են և դրանից հետո հնարավորություն ունեն վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:

Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը:

Դատելով ուկրաինական սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութից՝ երկրի տարբեր շրջաններ, ներառյալ Կիևի շրջակայքը, ռուսական զորքերն արդեն վերահսկողության տակ են վերցրել: Ուկրաինայի տարածաշրջանների մանրամասն քարտեզը, որտեղ գործում են ռուս զինվորականները, պաշտոնապես դեռ չի հրապարակվել:

Այս խորագրի վերջին նյութերը