Լրահոս

22.07.2011 15:09


Մի՛ վատթարացրեք մեր կենսական պայմանները. բաց նամակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի պարոն քաղաքապետ,

Մենք, Կոմիտաս պողոտայի 5ա, 3, 7 և 7/1 բնակիչներս անչափ մտահոգ ենք այն հանգամանքով, որ Դուք 12.03.11թ. համաձայնություն տալով Կոմիտասի 5 հասցեում կառուցվելիք էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի եւ բազմաբնակարան 14-հարկանի շենքի տեխնիկական նախագծին, կառուցապատողին, իր կարծիքով, իրավունք եք տվել նախկին քաղաքապետերի` ՀՀ շինարարական նորմերին հակասող որոշման եւ թույլտվության իրականացման համար, որոնցով կոպտորեն ոտնահարվում են շրջակա շենքերի բնակիչներիս տարրական կենսապայմանները, շահերն ու սահմանադրական իրավունքները:

Երեւանի նախկին քաղաքապետ Ե.Զախարյանի 25.11.05թ. թիվ 2616 Ա որոշման եւ Երեւանի նախկին քաղաքապետ Գ.Բեգլարյանի 23.07.2010թ. թիվ 50/2-15303 շինթույլտվության` ՀՀ շինարարական նորմերին հակասելու փաստի մասին են վկայում հետեւյալ պաշտոնական գրությունները.

  1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության  պետ Ա.Լալայանի 07.10.2009թ. թիվ 16-06-1-Ա-4728 .
  2. ՀՀ քաղաքաշինության նախարարության  քաղաքաշինական պետական տեսչության պետ Մ.Հովհաննիսյանի 08.10.10թ. թիվ 02/25.2/3998-10
  3. ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանի 15.10.10թ թիվ 01/25.5/4120-10 .
  4. ՀՀ Արողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Ա.Վանյանի 11.10.10թ. թիվ 04-855 120.
  5. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա.Քամարյանի 08.06.2011թ. թիվ 18-08/1-ը-1474:

Ի դեպ, ըստ այս վերջին գրության կառուցապատողից պահանջվել է «ներկայացնել համապատասխան նախագծային փոփոխությունների առաջարկ», իսկ նոր «տեխնիկական նախագծով նախատեսվել է բազմաբնակարան շենքի լայնական չափերի կրճատում եւ էլ.տրանսպորտի քարշի ենթակայանի իրականացում ստորգետնյա եղանակով»: Վերջինս ինքնին վկայում է շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանով եւ նման շինությունների համար փոքր տարածքում 14-հարկանի բնակելի շենքի եւ ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի` որպես հատուկ կարգավորման ենթակա օբյեկտի կառուցման աննպատակահարմարության մասին:

Ավելին, շենքի լայնական չափերի կրճատումը թեպետ շուրջ 200 ք.մետրով փոքրածավալ է դարձել, սակայն երկայնքով այն մեծացել էշուրջ մեկ մետրով, ինչը ավելի է վատթարացնելու մեր լուսավորությունը: Բացի այդ, խախտված է նաեւ 2-07-01-89 ՍՆԻՊ-ով նախատեսված 3,5 մետր լայնությամբ ճանապարհի եւ 0,7 (x2) լայնությամբ մայթերի ապահովման պահանջը:

Բացի դա Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի քանի ակնհայտ իրավախախտումների վրա, որոնք թույլ են տրվել նախկին քաղաքախետերի եւ/կամ նրանց աշխատակիցների կողմից, որոնց կապակցությամբ մենք դեռ 20.06.2011թ.-ին դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որն էլ գործը քննության է ուղարկել Արաբկիր-Զեյթուն շրջանի դատախազությանը:

ա/ Քաղաքապետարանի կողմից հաստատված, ապաև քաղաքաշինության նախարարության կողմից փորձաքննության ենթարկված շինարարական, նախագծային և այլ փաստաթղթերում, այդ թվում տարածքի հատակագծում 30-ից ավելի բազմամյա ծառերը, որոնցից 10-ը “Լիբեր” ՍՊԸ-ն արդեն կտրել է, ընդհանրապես նշագրված չեն, այսինքն այդ փաստաթղթերը կեղծ են և չեն կարող հիմք հանդիսանալ որևէ օրինական որոշում ընդունելու համար.

բ/ Թե մեր` բնակիչներիս և թե ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կողմից Երեւանի քաղաքապետին արված հարցումները, որոնցով մենք խնդրում էինք տրամադրել մեզ օտարման գոտու կամ շինհրապարակի գծագիրը մնացել են անպատասխան: Դրա փոխարեն ս.թ. 08.06.2011թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ շինարարության վարչության պետ Ա.Քասարյանը Կոմիտաս 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչների ներկայացուցիչներ Գ.Սահակյանին և Ս.Թերզյանին ուղղված նամակում ասում է, որ «Տարածքը ի սկզբանե առանձնացված և պարսպապատված է, որից ելնելով շինարարության կազմակերպման համար լրացուցիչ տարածքի ժամանակավոր տրամադրում և ցանկապատում չի նախատեսվում» (պատճենը կցվում է սույն նամակին): Մինչդեռ նշված ցանկապատված տարածքն ամբողջությամբ ծառապատ է, իսկ գործող ՍՆԻՊ կանոններով ծառերը չեն կարող ներառվել շինհրապարակի կամ օտարման գոտու մեջ:

գ/ Կոմիտասի 5 հասցեում նախատեսվող բնակելի բազմաբնակարան շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի տեխնիկական նախգծի վերաբերյալ «Քաղսեյսմշին և փորձաքննություն» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության եզրակացությունը (պատճենը կցվում է սույն նամակին) տրվել է միայն 25.10.2010թ.-ին, այսինքն` Երևանի քաղաքապետարանի կողմից 28.07.2010թ.-ին շինթույլտվությունը տալուց 3 ամիս անց: Փաստորեն, շինթույլտվությունը տրվել է առանց սեյսմիկ փորձաքննության: Անձնական ի՞նչ շահադիտությամբ է նախկին քաղաքապետ Գ.Բեգլարյանը տվել ակնհայտորեն ապօրինի շին.թույլտվություն:

դ/ Համաձայն ՀՀ կառավարության 6 մայիuի 2010 թվականի N 711-Ն որոշման «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ» հաստատվել է «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ», որի 11-րդ կետի համաձայն «Համալիր փորձաքննության ենթակա են քաղաքաշինական այն նախագծային փաuտաթղթերը, որոնցով, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պահանջվում է նաեւ շրջակա միջավայրի ու պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանuպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ինչպեu նաեւ ընդերքի արդյունավետ oգտագործման, տեխնոլոգիական, uանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը: Համալիր փորձաքննությունը ՀՀ oրենuդրությամբ uահմանված դեպքում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպեu նաեւ ՀՀ oրենuդրությամբ համապատաuխան փորձագիտական եզրակացություն տալու իրավաuությամբ oժտված շահագրգիռ մարմինների (այuուհետ` շահագրգիռ փորձագիտական մարմիններ) մաuնակցությամբ»: Մինչդեռ բազմաբնակարան շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման  նպատակով «Լիբեր» ՍՊԸ պատվերով «Լավո» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է ընդամենը Պարզ փորձաքննություն, ինչը երևում է Երևանի քաղաքապետարանի կողմից 28.07.2010թ. շինթույլտվության տեքստից:

ե/ Ի պատասխան մեր` բնակիչներիս պաշտոնական նամակի` ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ.Սայադյանը հայտնել է մեզ, որ “… ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեում կառուցման համար նախատեսվող էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի շինարարական նախագիծը, որի արդյունքում պարզվել է, որ նախագծում բացակայում են էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկի մակարդակի հաշվարկները և դրանց համապատասխան իրականացվող աղմկակլանիչ միջոցառումները”, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001թ. հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով սահմանված “Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի” ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերով»: Ընդ որում, փաստորեն չկան ոչ միայն ենթակայանի աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկի մակարդակների հաշվարկները, այլև` սանիտարական նորմերի պահանջներին դրանց համապատասխանության հիմնավորումը:

զ/ չի պահպանվում կառույցների, մասնավորապես` նախատեսվող բազմաբնակարան շենքի եւ էլ.տրանսպորտի քարշի նոր ենթակայանի միջեւ ՀՀ քաղաքաշինական ՍՆԻՊ նորպերով պահանջվող 10 մետրյա հեռավորությունը:

է/ Ոչ բնակիչների, ոչ էլ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցումները առ այն, թե ինչ հիմունքներով է Կոմիտասի 5 հասցեով շուրջ 1000 քառ. մ տարածքը կամ էլեկտրատրանսպորտի քարշի գործող ենթակայանը վարձակալությամբ հանձնվել, իսկ գործող քարշի ենթակայանի շենքը օտարվել “Լիբեր” ՍՊԸ-ին առանց աճուրդի` պետական պատկան որևէ մարմնի կողմից որևէ պատասխանի այդպես էլ չի արժանացել:

 

Վերջապես, մենք Ձեզ հարց ենք ուղղում. ինչպե՞ս պաշտպանվենք պետական մարմինների ապօրինություններից, որոնք պատրաստվում են փակել մեր եւ մեր երեխաների արեւը, ասելով, որ ինչ-ինչ ինսոլյացիոն նորմերի համաձայն օրական 12 ժամ արեւի փոխարեն մեզ բավարար է 2,5 ժամը, ինչպե՞ս վարվենք, եթե մեր տան շրջակա ծառերը հատվում են (http://www.youtube.com/watch?v=lLnPyXyVQNQ, http://www.azatutyun.am/video/10007.html, http://www.youtube.com/watch?v=fuazLEF7jrU&feature=related)` այն էլ մի այնպիսի փոշոտ եւ էկոլոգիապես անբարենպաստ թաղամասում, ինչպիսին Կոմիտասի պողոտան է: Էլ չենք խոսում, որ ՍՆԻՊ գործող նորմերով անգամ սահմանվում են մեկ բնակչին ընկնող կանաչ գոտու, խաղահրապարակների եւ կյանքի որակն ապահովող տարրական այլ պայմանների ցուցանիշներ, որոնք այս դեպքում չեն պահպանվում: Խնդրում ենք այցելել Կոմիտասի 5ա, Կոմիտասի 3, Կոմիտասի 7 շենքեր եւ տեսնել, որ մենք` այս շենքերի բնակիչներս ապրում ենք առանց տարրական բակային տարածքների` սեղմված մի կողմից էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի պարսպի, մյուս կողմից ավտոտնակների,  երրորդ կողմից` Կոմիտասի պողոտայի միջեւ: Եւ այս ամենին ավելանալու է Ձեր համաձայնությամբ «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից շահույթ ստանալու նպատակով կառուցվելիք 14-հարկանի բնակելի շենքը: Մենք դեմ չենք, որ պարսկահայ Քեշիշ Աբրամը շահույթ ստանա, բայց ինչի դա պետք է անի մեր հաշվին, մեր երեխաների լույսի հաշվին, մեր շրջակա միջավայրի հաշվին: Չէ՞ որ թե' Դուք եւ թե' հանրապետության Նախագահը մեկ անգամ չէ, որ ասել եք, որ շենքերի բակերում նոր շենքեր այլեւս չեն կառուցվելու, որ կանաչ գոտիների հաշվին կառուցապատում այլեւս թույլ չեք տալու, որ կան բազմաթիվ ազատ տարածքներ, որտեղ կարելի նոր շենքեր կառուցել: Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենը մեզ չի վերաբերում:

Իսկ այդ նոր շենքի բնակիչները ինչպե՞ս են այդ շենքում ապրելու` բոլոր կողմերից սեղմված այլ կառույցներով եւ շենքերով: Այդ շենքի ապագա բնակիչ 100-150 ընտանիքները որտե՞ղ են կանգնեցնելու իրենց ավտոմեքենաները: Ճարտարապետա-շինարարական առաջադրանքներով նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղիների ծավալը պարզապես զավեշտելի է եւ կառուցման համար անհնար` անհրաժեշտ տեղի բացակայության պատճառով: Կամ այդ բնակիչների ավտոմեքենաները ինչպե՞ս են մուտք ու ելք անելու դեպի շենք: Այս իմաստով նոր շենքը դառնալու է պատուհաս նաեւ Կոմիտաս պողոտայի մեր հատվածի երթեւեկության համար` մշտական խցանումների պատճառ:

Մենք մեր իրավունքների պաշտպանության եւ ապօրինի կառուցապատումն ու ծառահատումները կասեցնելու հայցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, որը որպես հայցի ապահովման միջոց բավարարել է մեր միջնորդությունը եւ կասեցրել շինարարությունն ու ծառահատումները: Սակայն մեզ անհրաժեշտ է Ձեր միջամտությունը խնդրի համալիր եւ վերջնական լուծումն ապահովելու հարցում: Այդ նպատակով մենք խնդրում ենք Ձեզ չեղյալ համարել Կոմիտասի 5 հասցեում մինչ այդ նախորդ քաղաքապետի կողմից տրված էլեկտրատրանսպորտի քարշի նոր ենթակայանի եւ բազմաբնակարան 14-հարկանի շենքի կառուցման` ՀՀ շինարարական նորմերին հակասող շինթույլտվությունը, ինչի իրավունքով օժտված եք օրենքով, պարոն Քեշիշ Աբրամին հատկացնել մեկ այլ, ավելի ազատ եւ կառուցապատման համար բարենպաստ տարածք, իսկ ենթակայանի շուրջ տեղակայված հաստ պարիսպը վերացնել` դրա շրջակայքը վերածելով հանգստի գոտու մեր` Երեւանի բնակիչներիս համար եւ խաղահրապարակի` մեր երեխաների համար: Շինթույլտվությունը Ձեր կողմից անվավեր ճանաչելու համար կան բոլոր` թե իրավական եւ թե բարոյական հիմքերը, քանի որ կառուցապատումը «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից փորձ է արվել սկսել անգամ տրված թույլտվությունների կոպիտ խախտումներով, այդ թվում չարտոնված ծառահատումներով, առանց քանդման թույլտվության, առանց շինարարության կազմակերպման համապատասխան նախագծերի (пос) ու փաստաթղթերի:

Մենք` Կոմիտաս պողոտայի 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչներս, ահել թե երիտասարդ` ինժիներներ թե մանկավարժներ, ուսանողներ թե դասախոսներ, ձեռներեցներ թե պետական պաշտոնյաներ, արվեստագետներ թե գիտնականներ, քաղծառայողներ թե զինվորականներ, գործազուրկներ թե վաստակաշատ թոշակառուներ տասնամյակներ շարունակ աշխատել ենք մեր երկրի համար, շենացրել ենք այն եւ կարծում ենք, որ արժանի ենք այն բանի, որ մեր իշխանությունները եթե չբարելավվեն, ապա գոնե չվատթարացնեն մեր կյանքի տարրական պայմանները, շրջակա միջավայրը, չպակասացնեն մեր արեւի լույսը:

Կոմիտաս փող. 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչներ`

Ընդամենը 115 ստորագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը