Լրահոս

21.07.2011 14:23


Ջիվան Գասպարյանը քննարկել է նախագահի հետ. բնակիչները բողոքում են

Ջիվան Գասպարյանը քննարկել է նախագահի հետ. բնակիչները բողոքում են

Դիմում բողոք Ալեք մանուկյան 15–րդ շենքի և Այգեստան 7–րդ փողոցի բնակիչների կողմից.

«Կոչ ենք անում Ձեզ՝ՀՀ Նախագահին, արձագանքել մեր խնդրանքին:

2004–ին կենդանի լեգենդ, տաղանդավոր և վաստակաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է իր համար քաղաքի կենտրոնում կառուցել շքեղ առանձնատուն՝ բարձր պարիսպներով (Այգեստան 7փ. 1–ին շենքի դիմացի կանաչ գոտու և երեխաների խաղահրապարակի տեղում):

Ջիվան Գասպարյանը հարգված և սիրված է հայ ժողովրդի կողմից, բայց մի՞թե մարդ պետք է շահագործի մարդկանց սերն ու վստահությունը, մի՞թե պետք է իրեն վեր դասի իր նման մարդկանցից՝ իր հարևաններից: Երբ նա կառուցեց իր առանձնատունը (դա նրա ծրագրի սկիզբն էր), ուղղակիորեն ոչնչացրեց մոտ 500 քմ բակային կանաչապատ տարածք, որն ընդգրկում էր 4 զրուցարան և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ՝ բոլոր հարմարություններով, որտեղ մեծացել է մի քանի սերունդ։ Այդպիսով նա զրկեց մեր երեխաներին՝ ամառվա շոգից պատսպարվելու բարձր ծառերի հովին ու անհոգ մանկությունից: Մենք ստիպված էինք ուղարկել մեր երեխաներին խաղալու ոչ թե բակ, որտեղ կային և՛ խաղահրապարակ, և՛ կանաչ գոտի, այլ փոշոտ և հողոտ մի տարածք, որը պիտանի չէր նրան տուն կառուցելու համար: Իսկ այժմ հարգարժան դուդուկահարն ուզում է վերջնանպատակին հասցնել իր ծրագիրը՝ վերջնականապես զրկելով մեր երեխաներին բակ իջնելու հնարավորությունից: Նրա ծրագրի վերջին կետն իր նոր առանձնատան համար կարճ ճանապարհ կառուցելն է, որպեսզի Ալեք Մանուկյան փողոցից միանգամից մտնի իր բակի առանձնատան տակ գտնվող ավտոտնակը: Այո՛, իր բակը, որովհետև նա իր գործողություններով հերթական անգամ ապացուցում է, որ մեր երկրում արդարություն և հավասարություն կոչվածի մասին մոռանում են,երբ ասպարեզ է գալիս հեղինակություն կոչվածը։ Չէ՞ որ մենք բոլորս հավասար ենք, և օրենքը բոլորի համար է, չէ՞ որ մեր երեխաներն էլ իրավունք ունեն խաղալ կանաչ բակում, մեծանալ մաքուր օդ շնչելով, ոչ թե վախենալ պարոն Գասպարյանի ավտոմեքենայի տակ ընկնելուց: Ճանապարհը կառուցելու համար, ինչպես և նրա ծրագրի առաջին փուլում, հերթական անգամ պետք է ոչնչացվի կանաչ տարածք՝ առնվազն 80 քմ, և մի քանի հնամյա հաստաբուն ծառեր, որոնք պահպանում են մեր բնակարանները դիմացի փողոցի սրճարանների ձայնային աղմուկից և փոշուց, նաև մի կրպակ, որով իր հացն է հայթայթում անապահով բազմազավակ ընտանիքը: Ցավն այն է, որ մենք արդեն չգիտենք՝ ում դիմենք, քանի որ պատկան մարմինները կարծես չեն լսում մեզ. լսում են միայն դուդուկահարի մեղեդին և մեծ հաճույքով պարում դրա տակ:

Մեր բոլորի խնդրանքը Ջիվան Գասպարյանին՝ չպահանջի իր համար ավտոմեքենայի ճանապարհ, ստացավ հետևյալ պատասխանը. «Ես ձեզանից թույլատրություն չեմ հարցնում. ես վաղուց այս հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ»: Խնդրում ենք Ձեզ, մեծարգո պարո՛ն ՀՀ նախագահ, թույլ չտալ թյուրիմացություն հանդիսացող այդ ճանապարհի բացումը: Չէ՞ որ կառավարությունը ժողովրդինն է և ոչ թե անհատինը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը