Աշխարհ

18.02.2022 18:07


Քուվեյթի բանակը կանանց թույլ է տալիս մարտական դերեր կատարել, բայց առանց զենքի

Քուվեյթի բանակը կանանց թույլ է տալիս մարտական դերեր կատարել, բայց առանց զենքի

Քուվեյթի կանայք վրդովված են, որ կին զինծառայողներին բանակում մարտական ծառայություն թույլ տալով՝ զինվորականները որոշել են, որ նրանց տղամարդ խնամակալի թույլտվություն է պետք, և արգելել են նրանց զենք կրել:

Ակտիվիստներն այս քաղաքականությունը «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» են անվանել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարությունը նաև որոշել է, որ զինված ուժերում կանայք, ի տարբերություն քաղաքացիական անձանց, պետք է գլխի ծածկոց կրեն:

Այս քայլերը առցանց բացասական արձագանք են գտել Քուվեյթում, որը սովորաբար համարվում է Պարսից ծոցի ամենաբաց հասարակություններից մեկը:

«Ես չգիտեմ, թե ինչի համար են բանակ մտնելու նման սահմանափակումները»,-AFP-ին ասել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիայի կանանց կոմիտեի անդամ Գադիր ալ Հաշթին:

«Իրաքյան ներխուժման ժամանակ մայրս զենքերը թաքցնում էր հագուստի տակ ու դրանք փոխանցում Քուվեյթի դիմադրության անդամներին, և հայրս խրախուսում էր դա»,-ասել է Հաշթին:

Քուվեյթի կանայք 2005-ին են ընտրելու իրավունք ստացել և ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես նախարարների կաբինետում, այնպես էլ խորհրդարանում, թեև երկուսում էլ նրանք քիչ են ներկայացված:

Այս ամիս, ավելի վաղ, տասնյակ քուվեյթցի կանայք բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ կանանց յոգայի դասերի դադարեցման, որը պահպանողականները «անպարկեշտ» էին համարել: Կին ցուցարարները տարել են պաստառներ՝ դատապարտելով «կանանց խնդիրների շահագործումը» քաղաքականության մեջ, ինչպես նաև «ֆետվերի ռեժիմը» և «կանանց խնամակալությունը»։

Կանանց համար բանակի նոր կանոնների շուրջ բանավեճը իռացիոնալ ընթացք է ստացել, ասում է Քուվեյթի համալսարանի անգլերենի պրոֆեսոր Իբթիհալ ալ Խաթիբը: «Բանակը պետք է առանց խտրականության ինտեգրի և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ Վտանգը տարբերություն չի դնում տղամարդկանց ու կանանց միջև, ոչ էլ մահը՝ ճակատամարտում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը