Լրահոս

21.07.2011 13:55


ՀՀԿ–ական. «ՀԱԿ–ի հետևից գնացող մարդիկ այն զանգվածը չեն, որն իրենք են պատկերացնում»

ՀՀԿ–ական. «ՀԱԿ–ի հետևից գնացող մարդիկ այն զանգվածը չեն, որն իրենք են պատկերացնում»

Հուլիսի 21-ին լրագրողների հետ է հանդիպել ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը։ Խոսելով ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին՝ նա նշել է.

–Սկսված բանակցային  գործընթացն իրոք ողջունելի է։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ ունեն տարբեր նպատակներ։ Իշխանությունը հետապնդում է պարզ նպատակ, այն է՝ բալանսավորել հասարակությունը, հարթել սուր անկյունները, փորձել ստեղծել ավելի ներդաշնակ հասարակություն, ինչը ենթադրում է հանդուրժողականություն։ Իսկ մեր հասարակությունը շատ բևեռացված է, ընդ որում՝ ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, քաղաքական, ինչքան հոգեբանական առումով։ Սա նորմալ չէ։ Այդ առումով երկխոսությունը միգուցե հնարավորություն տա դեմ դիմաց նստել, ինչ–որ հարցեր հարթել, հասկանալ։

Ինչ վերաբերում է նրան՝ ինչ նպատակ է հետապնդում ՀԱԿ–ը երկխոսությունից, ապա նա ասել է.

–Ընդդիմությունը հասկացել է, որ ո՛չ ընտրությունների, ո՛չ էլ զանգվածային անհնազանդության ակցիաներ կազմակերպելու միջոցով իշխանության չի գա, ուստի փորձում է ամրապնդել իր ազդեցությունը հասարակության և իշխանության որոշումներ կայացնելու մեխանիզմի վրա, ինչը դրական եմ գնահատում, որովհետև, ի վերջո, ընդդիմության ֆունկցիան հենց դա էլ պետք է լինի։

Հարցին՝ եթե մինչև սեպտեմբեր ոչ մի տեղաշարժ չլինի, կգնա՞ արդյոք ՀԱԿ–ը վճռական գործողությունների, Բադեյանը պատասխանել է.

Կփորձեն հանրահավաքներ կազմակերպել, այդպես ազդել իշխանության վրա։ Բայց ակնհայտ է, որ նրանց հետևից գնացող մարդիկ այն զանգվածը չեն, որն իրենք են պատկերացնում։

Բադեյանը նաև նշել է, որ այս երկխոսությունից ամենաշատը կշահի ժողովուրդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը