Կարծիք

15.02.2022 10:30


Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ուր՞ է «էլեկտրիկ Երևանը»

Հոսանքի թանկացման տխուր հետևանքները. ուր՞ է «էլեկտրիկ Երևանը»

Դեռևս նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թանկացումների նոր ալիք է սպասվում, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, ինչին մենք հիմա ականատես ենք լինում։ Ըստ այդմ՝ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կիլովատ էլեկտրաէներգիայի համար, կամ որ նույն է ՝ 11%-ով ավելի: Հոսանքի թանկացման հիմնական պատճառները, ըստ իշխանության կողմից ներկայացված հիմնավորումների, առաջին հերթին ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորություններն են։

Դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ ՀԾԿՀ-ն առաջարկել է, մասնավորապես, փետրվարից ամսական մինչև 200 կՎտ ժամ հոսանք սպառող բնակիչների համար սակագներն ավելացնել 1,5 դրամով՝ 1 կՎտ ժ-ի դիմաց։ 201-ից մինչև 400 կիլովատ սպառողների համար նախատեսվում է էլէներգիան թանկացնել 3,5 դրամով։ Ավելի շատ էլեկտրաէներգիա սպառողների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 5,5 դրամով՝ շուրջ 10%-ով: Հավելեմ, որ ներկայումս բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։

Ընդգծեմ, որ 11%-ը բավական մեծ բեռ է, որի ազդեցությունը կրելու ենք բոլորս, նույնիսկ նրանք, ում համար սակագնի բարձրացում չի նախատեսվում։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին իշխանություններն այնպիսի սակագնային քաղաքականություն են որդեգրել հանրային ծառայությունների ոլորտում, որի հետևանքները բոլորն են զգում։

Արտաքուստ ցույց են տալիս, թե հիմնական բեռը դնում են տնտեսության վրա, բայց տուժողը, միևնույն է, քաղաքացին է լինում՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական թանկացումների առիթ է հանդիսանալու՝ սկսած առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքներից, վերջացրած գազով, ինչին նույնպես ականատես ենք այսօր:

Միանշանակ է, որ թանկացումների նման ալիքը՝ երկրում այս տարի արձանագրված ավելի քան 17 % գնաճով, սոցիալական լուրջ լարվածություն է ստեղծում։ Հավելեմ, որ 2022-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների ու նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը։

Կարևոր է առանձնացնել մի առանցքային դրվագ ևս. 2022 թվականի բյուջեն կազմվել է՝ առանց հաշվարկելու էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող ռիսկերը, այսինքն՝ գերագնահատվել են բյուջեում նկարագրված սոցիալական ծրագրերն ու, ըստ այդմ՝ կանխատեսվող գնաճի հաշվարկման հիմքում բացակայում են հոսանքի թանկացման սոցիալական հետևանքները։ Եթե մի փոքր բացվածքով ներկայացնեմ, ապա ուղղակի հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիան համակարգաստեղծ նշանակություն ունի ու սակագնի բարձրացումն իր հետ բերելու է մի շարք ապրանքների ու ծառայությունների գների աճ։

Տեղի ունեցած զանգվածային թանկացումներից անկասկած տուժելու է առավելապես անապահով խավը, որի կյանքի որակն անխուսափելիորեն ընկել ու էլ ավել ընկնելու է։ Եթե թանկացումները նույն տեմպով շարունակվեն, ազգաբնակչության աղքատության շեմը կրկնակի կբարձրանա։

Այս ամենը խոսում է իշխող ռեժիմի հերթական մանիպուլյատիվ քաղաքականության մասին, որոնք նրանք կարողանում են իրականցնել մեդիատիրույթում՝ փորձելով կատարվածը ներկայացնել սեփական մեկնաբանությամբ և հանրությանը փաստացի գցում են մոլորության մեջ։

Որքան էլ օրվա իշխանությունները փորձեն հոսանքի թանկացման հետ ներկայացնել տարբեր տնտեսական ու էներգետիկ հիմնավորումներ, այդ ամենում գոյություն ունի նաև քաղաքական կոմպոնենտ, ինչը ուղղակիորեն պայմանավորված է ներկա իշխանությունների վարած ամուլ ու անհեռատես քաղաքականությամբ։

ՀՀ անկախացումից ի վեր միշտ էլ փորձեր է արվել քաղաքական վեկտորները դասավորել այնպես, որպեսզի դրանք չվնասեն երկրի ազգաբնակչության շահեը, սակայն մեզ մոտ վերջին չորս տարին իշխանությունը բռնազավթած ռեժիմն իր առանց «իզմ» քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին։ Նիկոլը իր գոյություն չունեցող արտաքին քաղաքականությամբ ոչ միայն վնասել է վերջին 20-25 տարիների ՀՀ հաստատած քաղաքական ու տնտեսական կապերը, այլ ուղղակիորեն դրանք ոչնչացրել։ Տվյալ պարագայում հոսանքի սակագնի այս թանկացումը վկայում է, ռուսական կողմի հետ տարված աննախադեպ փնթի քաղաքականության, ինչպես նաև Իրանի հետ ուղղակի ձախողած հարաբերություններով։

Ամփոփելով նշեմ, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում գոյություն ունեցող անվտանգային ռիսկերին, փաստացի առկա քաղաքական ճգնաժամին, ինչպես նաև անարդյունավետ կառավարմանն ավելանում է նաև սոցիալական լարվածությունը։ Այս համատեքստում ավելի է մեծանալու խզումը հասարակության և իշխանությունների միջև՝ ակնհայտորեն հակադրության մեջ դնելով նրանց օրակարգերը։ Նման իրավիճակում սոցիալական բունտի հեռանկարը միանգամայն իրական է թվում, մանավանդ, որ իշխանությունն ակնհայտորեն չի կարողանում զսպել ախորժակը՝ իր երկարակեցության բանալին համարելով գոյություն ունեցող ինստիտուտների փոշիացումը, հանրային և սոցիալական հարաբերություններում տոտալ անհանդուրժողականության սերմանումը։ Կասկածից վեր է, որ նշված իրադրությունը բումերանգի էֆեկտ է ունենալու, մանավանդ, որ օխլոսը չի հանդուրժում մշտական կուռքեր։

Հ.Գ. Եվ իրոք, ու՞ր է «էլեկտրիկ Երևանը», ու՞ր են կարմիր գծերի և արագաչափերի դեմ պայքարող կեղծ ակտիվիստները, թե՞ դրա նպատակը ժողովրդին թունավորելն ու Արցախը հանձնելն էր:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը