Լրահոս

21.07.2011 10:04


Ռևազ Գաչեչիլաձե. «Մեր երկիրը ոչ մի դեպքում չի խառնվի ղարաբաղյան հակամարտությանը»

Ռևազ Գաչեչիլաձե. «Մեր երկիրը ոչ մի դեպքում չի խառնվի ղարաբաղյան հակամարտությանը»

Վրացական «Սանսխրետիս Կարիբժե» գործակալությունը Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Ռևազ Գաչեչիլաձեի հետ հարցազրույց է ունեցել։

Նախկին դեսպանը հարցազրույցում խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին և մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը։

Հայաստանում Վրաստանի նախկին դեսպանի կարծիքով Հարավային Կովասում հակամարտությունները հնարավոր է կարգավորել, եթե յուրաքանչյուր երկիր ընդունի իր սահմաններն այնպես, ինչպես ընդունված է միջազգայնորեն, և «բավարարվի նրանով, ինչ ունի»։

–Հնարավոր է՝ դա արդարացի չէ, բայց ավելի լավ է պահպանել այն, ինչ ունես, քան աշխատել խլել ուրիշից։ Օրինակ՝ վրացիները հավատում են, որ Սոչին իրենց է պատկանում, քանի որ այդ քաղաքը Վրաստանի կազմում էր XIII դարում, բայց այսօր XXI դարն է, և ինչ–որ պահանջներ ներկայացնելն ուղղակի աբսուրդ է։ Վրաստանի սահմանները հաստատվել են 1991–ին, և դա է արդարացի. մեր հարևանները պետք է հարգեն դրանք,–ասել է Ռևազ Գաչեչիլաձեն։

Նախկին դեսպանի կարծիքով յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, և չի կարելի ղարաբաղյան հակամարտությունը համեմատել Աբխազիայի հետ կամ Աբխազիայի խնդիրը՝ Հարավային Օսիայի։

Անդրադառնալով Վրաստանի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտությանը՝ նախկին դեսպանը հաղորդել է.

Վրաստանը երբեք չի կարող որոշել այդ խնդիրն Ադրբեջանի և Հայաստանի թիկունքում։ Դա չեն կարող անել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆը, ո՛չ Արևմտյան Եվրոպան։ Այդ հարցը պետք է լուծեն այդ երկրների ժողովուրդներն ու կառավարությունները։ Վրաստանը ոչ մի դեպքում չի խառնվի ղարաբաղյան հակամարտությանն ու դեղատոմսեր չի առաջարկի։ Ես այս ամենն ասում եմ Վրաստանի ղեկավարության և ժողովրդի անունից, քանի որ նրանք չեն ուզում ինչ–որ մեկի կողմն անցնել։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հարգեն Վրաստանի դիրքորոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը