Լրահոս

20.07.2011 16:57


ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակի և մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցմամբ կատարվել է խնկարկման արարողություն:

Այնուհետև Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի մարտական ընկերները, հարազատները և զինվորականները:

Մարտի դաշտում Ազգային հերոսի կատարած սխրանքների մասին ներկաներին պատմել են Հատուկ գնդի 1-ին հրամանատար Սերգեյ Առաքելյանը, ,Հատուկ գունդ վերտերանների միությունե ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը: Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, իր խոսքում նշել է, որ հպարտ է հերոս որդի ծնելու և հայրենիքը ամեն ինչից վեր դասող զավակի մայր լինելու համար: Դիմելով դահլիճում ներկաներին` հերոսի մայրը նշել է. ,Շնորհակալ եմ, որ հիշում եք մեր ազգի հերոսներին, ովքեր զոհվել են մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր ապագայի համար: Փառք մեր զինվորներինե:

Խոսելով արցախյան պատերազմի և ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ունեցած ավանդի մասին` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է.

«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ մոտ է եղել զինվորի մասնագիտությանը, անընդհատ մարտնչել ու պայքարել է իր գոյության համար: Մեր ժողովրդի նվիրյալ շատ որդիներ օժտված են հրամանատարի կարողություններով: Նրանցից էր Ջիվան Աբրահամյանը: Ջիվանը գաղափարի մարտիկ էր: Մենք այսօր հպարտություն ենք ապրում, որ ունեցել ենք նրա նման մարտական ընկեր, ում օրինակը ուսանելի է մատաղ սերնդի և հատկապես մեր զինվորների համար:

Կարծում եմ` Ջիվան Աբրահամյանի և մեր բոլոր մյուս հերոսների գործը կիսատ չի մնացել. նրանց գործի ամենամեծ ծնունդը հայոց բանակն է, որը, պաշտպանելով մեր երկրի սահմանները, ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը և հետագա զարգացումը:

Հավերժ փառք Ջիվան Աբրահամյանին, փառք նրա ծնողներին: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր նրանց, ում շնորհիվ արցախյան գոյապայքարը պսակվեց հաղթանակով: Մենք պարտավոր ենք պահպանել մեր նահատակների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները»:

Այս խորագրի վերջին նյութերը