Կարծիք

07.02.2022 17:19


Պայքարի հաջորդ փուլերը

Պայքարի հաջորդ փուլերը

Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել հետները։

Դատավորներ. ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն

Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը։ Պետության պարտությունից հետո Նիկոլին հաջողվեց անձնապես հաղթել, և նա հիմա կառուցում է հստակ ավտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկա պրոցեսներին։

Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը և մեկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառույցների լռության ներքո։ Այստեղ իլյուզիաներ պետք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարևոր բաներ ստանալու ակնկալիքներ։

Սրա հետևանքով քանդվում է պետականությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում, ո՞րն է դիմադրության ռեսուրսը։

Կա երկու ռեսուրս՝ անհատական և ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն։ Անհատական մակարդակով կան տասնյակ հազարավոր արժանապատիվ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը և ինստիտուցիոնալ դիմադրությունը շատ կարևոր է, այն պայքարի ավելի՛ կազմակերպված փուլն է, և այն շա՛տ ավելի մեծ հնարավորություն ունի` կասեցնելու պետականության կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատվություն ցուցադրել են.

  1. Մեդիան ՝ խմբագիրների և առաջատար լրագրողների մեծ մասը,
  2. Փաստաբանական համայնքը,
  3. ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը,
  4. Եկեղեցին, հոգևոր դասը
  5. Այդ ճանապարհին է դատական համայնքը։

Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։

Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատվության և ինստիտուցիոնալ դիմակայության միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյան, ովքեր, գիտակցելով հետևանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանությամբ, և նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կհաղթեն։ Մի պահ ցույց տան, որ գրպանային դատավորներին մերժում են՝ իրենք արդեն հաղթած են։

Նույնը պետք է աներ բժշկական հանրությունը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին իշխանությունը ենթարկում էր բացահայտ խոշտանգման։

Առաջիկա զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ։

Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը յուրաքանչյուր դեպքում կանգնի նրանց կողքին և գեներացնի հանրային լայն աջակցություն։ Մարդիկ և ինստիտուտները պետք է տեսնեն, որ դիմադրելու դեպքում իրենք ստանալու են մեծ աջակցություն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից և մեդիայից, հասարակությունից։ Այստեղ կա տապալած գործի տպավորություն։

Չի բացառվում, որ դիմադրության որոշ ինստիտուտներ պարտվեցին, զիջեցին նաև այդ պատճառով։ Բայց դա հավի ու ձվի պատմության պես մի հարց է։

Օրինակ` պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ լավ քաղաքացիներ են, ազնիվ ու հայրենասեր մարդիկ, բայց համալսարանը և այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարվել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից հանձնվեց։

Մյուս կողմից` մենք տեսել ենք, որ պետության զինվորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, և օրեր անց ոտքի վրա դիմավորել այդ ուղերձի հիմնական հասցեատիրոջը։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը չափազանց կարևոր գործոն է այս մղձավանջից դուրս գալու համար։ Համալսարանի և մյուս բուհերի դասախոսների ճնշող մեծամասնությունը տներում մերժում է այս իշխանությանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրությունը» շատ ավելի թույլ է, քան` որպես ինստիտուտ դիմադրությունը։

Բայց և կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կա զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների և քաղաքական պրոցեսների ուժը պայմանավորելու է ինստիտուցիոնալ դիմադրության ուժը, և` հակառակը։

Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրության (արժանապատվության հենքի վրա) կազմակերպումը հաջողության առանցքային պահն է։

Նոյեմբերի 9-ից հետո պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթե բոլոր ինստիտուտները Հայաստանում և սփյուռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ հաղթած պարտիան ավարտին հասցնել՝ նաև այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարևորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպես փուլ` դա արդեն պատմություն է, բայց որպես առաջիկա պրոցեսների նյութ՝ այն ունի սխալները ընկալելու և դրանք չկրկնելու սուր պահանջ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը