Աշխարհ

05.02.2022 11:44


Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանի սկիզբ է նշանավորում

Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանի սկիզբ է նշանավորում

Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, խորհրդանշում է անցումը միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր կառուցվածքի։ Այս տեսակետն ուրբաթ հայտնել է բրիտանական Daily Telegraph թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թերթը նշում է, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որը տեղի է ունեցել «միջազգային լուրջ լարվածության» ժամանակաշրջանում, նշանավորում է «նոր աշխարհաքաղաքական դարաշրջանի» սկիզբը։ Ըստ թերթի՝ «այսուհետ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի գլոբալ գերակայությունն այլեւս չի հանդուրժվի»։

Թերթը նշում է, որ որպես դաշնակից Չինաստանի ներկայությունը թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչպես նաեւ մեղմել Արեւմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների հետեւանքները Ուկրաինա ռուսական հիպոթետիկ ներխուժման դեպքում։ Ըստ թերթի՝ Չինաստանի աջակցությունը երաշխիքների հարցով Ռուսաստանի պահանջներին՝ ուղղված ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից որպես հաղթաթուղթ արեւմտյան երկրների հետ երկխոսության համար։

The Daily Telegraph-ը նաեւ ընդգծում է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի սերտ գործընկերությունը թույլ չի տալիս ԱՄՆ-ին վերջնական կենտրոնացնել ուշադրությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակի վրա, որը Վաշինգտոնի վարչակազմը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություն։ Պարբերականը եզրակացնում է, որ Մոսկվան եւ Պեկինն այժմ կապված են ընդհանուր նպատակով, որն է «վերջ դնել Pax Americana-ին»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը