Հարցազրույց

20.07.2011 13:14


Առնո Կուռ

Առնո Կուռ

Հարցազրույց «Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը» նախաձեռնության հեղինակ, դիզայներ Առնո Կուռի հետ

Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծելու նման խումբ։

–Էջը ստեղծելիս այս նախաձեռնության համար պաճառ հանդիսացավ կաթողիկոսի հայտարարությունն առ այն, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ, սակայն այս հանգամանքը, ինչպես ասում են, համբերության բաժակի վերջին կաթիլն էր:

–Արդյոք Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զրույցի «YouTube»–ում հայտնված տեսագրությունը, որը բավական խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության շրջանում, Ձեր այդ որոշման համար որևէ հիմք հանդիսացե՞լ է։

–Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղադրված տեսագրությունը բավարար հիմք է նման պահանջով ներկայանալու, քանի որ կաթողիկոսը այնտեղ  ամբողջությամբ ի ցույց դրեց իր ողջ իրական կերպարը, և այստեղ ամենևին էլ ռուսերենի վատ իմացությունը չէ խնդիրը, ինչը հաճախ ասվում է, այլ նրա «տղայական» պահվածքը  և ուժգին գոտկատեղից ներքև հարվածները, որ անողոքաբար տեղում էր ծերունազարդ Իլյայի ծնկին ու «ռազբորկա» անում դու-ով դիմելու համար։

–Ինչպե՞ս եք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունն ընդհանրապես։

–Այսօր մեր Սուրբ եկեղեցին կործանման եզրին է, այն կորցրել է ժողովրդի ու ժամանակի հետ կապը ու կարծես մի յուրահատուկ տեսակի բիզնես աշխարհ լինի: Դրա վառ ապացույցներից մեկն էլ հենց այն է, որ բոլորովին վերջերս Մայր տաճարի հին փայտե պատուհանների զուսպ և դասական ճաղերը փոխարինվեցին եվրոպական պլաստիկներով, այն էլ կամարի փոխարեն զիգզագներ արեցին մի երկու կոպեկ խնայելու համար։ Այսինքն՝ եկեղեցու արտաքին տեսքն էլ են հարմարեցնում Առևտրի տան իրենց ընկալումների տեսքին (նշեմ, որ Եվրոպական երկրներում նույնիսկ 100 տարվա հնության բնակելի շենքերում չի թույլատրվում այդ պլաստիկ պատուհաններից տեղադրել)։

–Մեր երկրում այդքան շատ աղանդների առկայության հարցում եկեղեցու մեղավորությունը տեսնո՞ւմ եք։

–Իհարկե համարում եմ, որ աղանդների տարածման համար մեկ պատճառը եկեղեցու հոգևոր դասի այսօրվա վիճակն է։

–Ի՞նչ եք կարծում՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի հետ շփումից (թեկուզ առօրյայում՝ հարսանիք, հուղարկավորություն, կնունք) մարդիկ ի՞նչ տպավորություն են ստանում։ Արդյոք նրանք Աստծո խոսքը հանրությանը հասցնո՞ւմ են։

–Այս հարցին պատասխանելու համար ես կպատմեմ մի դեպք, որը տեղի է ունեցել ինձ հետ մի քանի ամիս առաջ: Ես  կորցրեցի հորս, դիմեցի քահանային  հուղարկավորության համար:  Մեջբերում եմ իմ և նրա հարցուպատասխանը.

Առնո–Տե՛ր-հայր, որքա՞ն պետք է վճարել։

Քահանա–Դու իչքա՞ն ես նախատեսել։

Առնո–10 000 հազար դրամ։

Քահանա–15000 տու՝ լավ ա (հիշեցնեմ, որ Հայոց կաթողիկոսը Իլյա 2-րդին մեղադրում էր առևտուր անելու համար):

Ահա կենդանի օրինակ, թե ինչ տպավուրություն կարող է ստանալ քաղաքացին  Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի հետ շփումից:

Ի՞նչ եք կարծում՝ Գարեգին 2–րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելով՝ եկեղեցու գործունեությունը որակական իմաստով կփոխվի՞։

Կարծում եմ՝ կփոխվի, քանի որ ինչպես ասում է ժողովուրդը` ձուկը գլխից է հոտած լինում։ Ի դեպ ընդգծեմ, որ ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ջերմեռանդ հետևորդ եմ, և իմ պայքարը ուղղված է կաթողիկոսի դեմ, այլ ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու։

Ըստ Ձեզ՝ այսօր Հայ Առաքելական եկեղեցին որևէ կապ ունի՞ Հայաստանի քաղաքական կյանքի հետ։

Կարծում եմ, որ դրական իմաստով որևէ կապ չունի: Վերջերս դրա վառ ապացույցն եղավ այն, որ  ՀՀ իշխանության կողմից  ընդունվեց լեզվի մասին  ազգադավ օրինագիծը, ըստ որի` պիտի բացվեն օտարալեզու միջնակարգ դպրոցներ, ինչն ուղիղ հարված է մեր ազգի ապագային:  Տրամաբանական կլիներ, որ առաջին դեմ արտահայտվողը լիներ հայոց կաթողիկոսը, քանի որ լեզուն է  դարերով պահպանել մեր Սուրբ եկեղեցին և ժողովրդին:  Սակայն նա ոչ միայն դեմ չարտահայտվեց, այլև որևէ մեկնաբանությամբ հադես չեկավ, իսկ սա ցույց է տալիս նրա անտարբերությունը հայոց լեզվի` ժողովրդի նկատմամբ: Այսինքն՝ կաթողիկոսի վերաբերմունքը բոլոր հարցերում համընկնում է ռուսական իշխանությանը որդեգրված մեր իշխանության հետ: Ու ինչպես հասկացանք «Յութուբ»–ից` նույնիսկ շարժուձևով ու խոսելաձևով։

–Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀ վարչապետն Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ատրճանակ է նվիրել։

Ամենեևին չեմ զարմանում։ Եթե  վարչապետն ասում է, որ գործ չունի արտագաղթողների հետ,  կաթողիկոսն էլ` գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ, ուստի այսպիսի  հոգևոր և աշխարհիկ իշխանություների միմյանց  ատրճանակներ  և բենթլիներ  նվիրելը  լրիվ բնական է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը