Կարծիք

03.02.2022 13:07


Թուրքիայի հետ նորմալ հարևաններ լինելու համար ՀՀ-ում պետք է լինի արժեհամակարգ ունեցող իշխանություն, այլապես՝ չենք ֆիքսելու թուրքական ազդեցության անդառնալի աճը իշխանության մակարդակներում

Թուրքիայի հետ նորմալ հարևաններ լինելու համար ՀՀ-ում պետք է լինի արժեհամակարգ ունեցող իշխանություն, այլապես՝ չենք ֆիքսելու թուրքական ազդեցության անդառնալի աճը իշխանության մակարդակներում

Հաջորդ իշխանությունը՝ Բրյուսելից

Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հայկական խաղաղ բնակավայրերի հռթիռակոծումը, հողերի անեքսիան։

Չի հասկացվում, թե ինչ գաղափարի և ինչ երաշխիքների շուրջ կարող է Արևմուտքը Հայաստանում կոնսոլիդացիա ապահովել այս կամ այն գործչի կամ շրջանակների շուրջ։ Կա կոլեկտիվ-հանրային գիտակցում, որ եթե հայ ժողովուրդը մնար, պայմանական ասած, «սկանդինավյան խաղաղապահների» հույսին, ապա ողբերգության պատկերը կլիներ ամբողջական։

Այս պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե արևմուտքն այսօր ունի լուրջ լծակներ՝ Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Ի վերջո, արևմուտքում շատ լավ հասկանում են, որ թուրքական/ՆԱՏՕ-ական և ադրբեջանական զորքերի դեմ Հայաստանում իրենք ոչինչ չեն կարող հակակշռել։

Թվում է, թե թեման այսքանով կարելի է ավարտել, բայց կա մեկ այլ պրոցես։ Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում հնարավոր է կտրուկ պրոարևմտյան տրամադրությունների աճ. դա հնարավոր է ռուսական կոպիտ սխալների դեպքում՝ աճող հակառուսական տրամադրությունների ֆոնին։ Եթե Ռուսաստանը թուրքական կոալիցիաների հետ հարաբերություններում զիջի հայկական շահ կամ պարզապես գրագետ չաշխատի Հայաստանում՝ շարունակելով Հայաստանին նայել միայն տանկի դիտակետից կամ արզաքանցյանների հայացքով, կարող է տեղի ունենալ ամենաանսպասելի շրջադարձը՝ Հայաստանում կտրուկ մեծանան հակառուսական տրամադրությունները, նույնիսկ՝ սեփական անվտանգության ռիսկի հաշվին։ Եթե Ռուսաստանը շարունակի իր շահերի անվերապահ սպասարկման համար դեռևս պահել Նիկոլին, հետո իրավունք չի ունենալու որևէ մեկին մեղադրել, թե ինչո´ւ Հայաստանը դարձավ երկրորդ Վրաստան։

Արևմուտքը Հայաստանի համար չափազանց կարևոր գործընկեր է։ Հայաստանն իր շահերը պաշտպանելու և իր խնդիրների լուծման, ինչպես նաև ներքին ռեֆորմացիայի համար մշտապես կարիք է ունենալու Արևմուտքի լուրջ աջակցության և երկխոսության։ Բայց դա կարող է անել միայն սոլիդ իշխանությունը, որը կունենա վստահության պաշար և հայկական նոր օրակարգ։ Միայն այդ դեպքում է հնարավոր արևմուտքի հետ կառուցել մեզ համար կենսական կարևորության հարաբերություններ և օրակարգ, զարգանալ արևմտյան մոդելով, արևմտյան սփյուռքի հետ ունենալ համահունչ կենսական միջավայր և էֆեկտիվ համագործակցություն՝ միաժամանակ լինելով վստահելի գործընկեր Ռուսաստանի համար, չանելով քայլեր ընդդեմ Ռուսաստանի և արկածախնդրության չտանելով պետության անվտանգային համակարգը։

Հաջորդ իշխանությունը՝ Ստամբուլից

Վերաբացվող և չարչրկված Ստամբուլ-Երևան չվերթը իրականում ունի սիմվոլիկ մեծ նշանակություն։ Խոսքն օդանավի և ուղևորափոխադրման մասին չէ։ Խոսքը փափուկ ուժի էքսպանսիայի մասին է, որը պրոցեսների՝ այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում կարող է ստանալ անկառավարելի ծավալներ։

Դրա հիմքում մի քանի գործոն է.

ա/ հայ հասարակության լատենտ տրամադրությունները և ինդենտիֆիկացիոն հակումները,

բ/ Ռուսաստանի անկարողությունը՝ հակադրել տայլ պրոցես։

Առկա է հիմնավոր մտավախություն, որ թուրքական փափուկ ուժի ազդեցությունը կարող է անակնկալ լինել հայ ժողողվրդի կրթված շերտերի ու նաև Ռուսաստանի համար։

Հունիսի ԱԺ ընտրություններին Թուրքիան բացահայտ պաշտպանում էր Նիկոլի թեկնածությունը։ Թուրքիայի բանակի և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն աջակցում էին նրան։ Սա պատմական աբսուրդ է, երբ մի երկիր ակտիվ մասնակիցն է քո պարտությանը, քո ստորացմանը, հազարավոր մահերի, իսկ ամիսներ հետո քո ընտրություններում հրապարակայնորեն սատարում է թեկնածուներից մեկին, և հասարակությունըչի պոռթկում, ռեակցիա չի տալիս։ Նման բանը տվյալ թեկնածուի համար պետք է ունենար ուղիղ հակառակ հետևանք՝ նպաստեր նրա պարտությանը։

Ունենալով այս նախադեպը՝ կարող ենք ենթադրել, որ թուրքական էքսպանսիան կարող է լինել սպասվածից ուժեղ։ Դրա համար, իհարկե, ժամանակ է պետք, և այս պահին նվազ իրատեսական է, թե Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է գալ, պայմանական ասած, «Ստամբուլի ռեյսով»։ Բայց զարգացումների տրամաբանությունը հիմք է տալիս մտածել, որ առաջիկա տարիներին թուրքական փափուկ ուժի մուտքը Հայաստան լինելու է ինտենսիվ, բազմաոլորտ՝ բիզնես, տնտեսություն, անշարժ գույք, մշակույթ և այլն։ Այս ամենը վերջանահաշվարկում ենթադրում է մուտք դեպի հասարակություն, կառուցվածքային միավորներ՝ կուսակցություններ և այլն, ուղիղ և անուղղակի ազդեցություն պետական համակարգի և իշխանության վրա։ Ամենաիրատեսական սցենարներով՝ 4-5 տարի հետո Թուրքիան կարող է ունենալ ազդեցություն Հայաստանում բոլոր մակարդակների իշխանության ձևավորման վրա։ Եվ ռուսները, իհարկե, կզարմանան, թե ինչպես դա ստացվեց, և թե ինչպես թուրքերն իրենցից ավելի մեծ ազդեցություն ունեն։ Դա արդեն այլ քննարկման թեմա է։

Եթե մի երկրում 30 տարի հնարավոր է եղել 10 հազար դրամով ձայն ստանալ, ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարողանալու անել՝ ավելի մեծ գումարով և ավելի քաղաքակիրթ ձևերով, եթե 30 տարի կուսակցությունները և քաղաքական գործիչները ոտքի վրա կարող էին փոխել իրենց «սկզբունքային տեսակետները», ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարող խրախուսել ավելի հետաքրքիր առաջարկներով, եթե մի երկրում հնարավոր է իրենց պարտության և նվաստացման տարած իշխանության փառահեղ վերարտադրում, ապա ինչո՞ւ թուրքերը ավելի լուրջ հաջողությունների չեն կարող հասնել՝ ավելի գայթակղիչ կարգախոսներով։

Շատ հստակ խնդիր է ձևակերպվում. Թուրքիայի հետ բաց սահմաններով ու որոշակի ինտեգրացիայով նորմալ հարևաններ լինելու համար Հայաստանում պետք է լինի սկզբունքներ, արժեհամակարգ և խնդրի խորքային պատկերացումներ ունեցող իշխանություն։ Հակառակ դեպքում ազգովի լսելու ենք մուղամ, տնտեսական շահավետ նախագծերի փոխարեն բավարարվելու ենք Հայաստանի կլինիկաներում Ղարսի բնակիչ Աբուլֆազի բուժմամբ, և չենք ֆիքսելու թուրքական ազդեցության անդառնալի աճը իշխանության բոլոր մակարդակներում։

«Այլընտրանքային նախագծեր» խումբ Վահե Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը