Լրահոս

19.07.2011 15:50


Րաֆֆի Հովհաննիսյան. «Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից Հայաստանի քաղաքացին և իր պետությունը հազիվ թե շահ ունենա»

   Րաֆֆի Հովհաննիսյան. «Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից Հայաստանի քաղաքացին և իր պետությունը հազիվ թե շահ ունենա»

Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ խորհրդարանական համանուն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, վարչության անդամներ Կարինե Հակոբյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը Էջմիածին քաղաքում հանդիպեցին շրջանի բնակիչների հետ:

Հանդիպման սկզբում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ներկայացրեց հաշվետվություն` տարածաշրջանից իրեն ուղղված դիմումներին տրված ընթացքների մասին:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքով դիմեց ներկաներին` ասելով, որ ինքը չի եկել փրկարար դրոշով` ակնկալելով, որ ժողովուրդը կգնա իր հետեւից. «Ես ուզում եմ ձեր հետեւից գալ ձե°ր հանձնարարականով, ձե'ր պատգամներով ու առաջարկներով»: Նա քաղաքացիներին հորդորեց մասնակից լինել իշխանության ձեւավորմանը` նշելով, որ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, իսկ երկիրն ու նրա վիճակը փոխելու համար քաղաքացիական միասնական զորաշարժ է պետք:

Անդրադառնալով վերջին շրջանում ներքաղաքական զարգացումներին` Հովհաննիսյանը իր բացասական վերաբերմունքը հայտնեց ԿԸՀ անդամների ընտրության մասին` նշելով, որ հերթական անգամ ընդդիմությունը, ուստիեւ ժողովուրդը, մեկուսացվում է քաղաքական գործընթացներից: Ինչ վերաբերում է իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, ապա` «այդ գործընթացից Հայաստանի քաղաքացին եւ իր պետությունը հազիվ թե շահ ունենա: Թող որ բեմականացում չլինի, ոչ էլ կառավարվող դիպաշար. նրանց ամենաբարին մաղթելով` մենք արդեն տեսել ենք, որ կողմերը շատ ավելի ընդհանրություն ունեն, քան տարբերություններ»:

Հանդիպման ավարտին Հովհաննիսյանը կոչ արեց. «Մինչեւ մեր կյանքի վերջին կաթիլը` չընկրկենք եւ Հայաստան երկիրը դարձնենք մե՛րը` հանուն ապագա սերունդների»:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը