Լրահոս

19.07.2011 11:46


ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված գլխավոր քարտուղարին

Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը:

Բան Կի-մունի ուշադրությունը hրավիրելով հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտմանը շփման գծում` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին:

Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ  Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս, դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի և հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ:

Դեսպանի նամակում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային` ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերով ստանձնած պատերազմի քարոզչությունը և ագրեսիան մերժող պարտավորությունները:

 

Նամակում  նշվում է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ և միջազգայնորեն միակ լիազորված ձևաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն և վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը