Լրահոս

14.01.2011 10:03


Ադրբեջանի մտավորականությանն օգտագործում են «Ընդհատված երգը» ֆիլմի վարկաբեկման գործում

Նախօրեին երկու ադրբեջանական լրատվական գործակալություններ' Day.az-ը և Vesti.az-ը հրապարակել են Ադրբեջանի անվանի արվեստագետների կարծիքները «Ընդհատված երգը» ֆիլմի վերաբերյալ: (տես' http://news.day.az/culture/247757.html և http://www.vesti.az/news.php?id=64674):

Լիովին աղավաղելով կինոնկարի սյուժեն, գործակալությունները հրահրել են մտավորականներին բացասական մեկնաբանություններ տալու: Դատելով պատասխաններից' ակնհայտ է, որ հարցերը եղել են ուղղորդված, նաև' ցավալի, որ ադրբեջանցի մտավորականները, հիմք ընդունելով սադրիչ լրագրողների ապատեղեկատվությունը, իջնում են անձնական վիրավորանքների մակարդակի:

Նկարահանող խումբը հարկադրված հերթական անգամ հիշեցնում է ադրբեջանական կողմին, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում հանգամանքների բերումով խորը հորում հայտնված հայն ու ադրբեջանցին բացառապես արծարծում են երկու ժողովուրդներին հուզող միևնույն հարցերը' սեփական տեսանկյունից:

Տպավորություն է ստեղծվում, որ հարցումներին մասնակցած միակ առողջ դատողության տեր մարդը Միլի Մեջլիսի նախկին պատգամավոր, Եվրասիայի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ակադեմիկոս Անար Մամեդխանովն է, ով, իր խոսքերով, չի ցանկացել հանդես գալ կոմունիստական կուսակցության գաղափարախոս Միխայիլ Սուսլովի դերում' ասելով. «Պաստերնակ չեմ կարդացել, բայց միևնույն է, քննադատում եմ»:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» ֆիլմը ներկայումս նկարահանվում է Մոսկվայում' 21-ից 30 տարեկան մի խումբ հայերի միջոցներով: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում' մայիսի վերջին, այնուհետև ֆիլմը կտեղափոխվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը' Աշոտ Պողսյանը:

 Հայտնում ենք նաև, որ գալիք երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենա «Ընդհատված երգը» կինոնկարի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Այս խորագրի վերջին նյութերը