Լրահոս

18.07.2011 18:21


4 մլն եվրո` Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման համար

Ս.թ. հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև ստորագրվեց «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիրՀայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիրՀայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում է 4 մլն եվրո դրամաշնորհ Սյունիքի մարզում <<Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի>> իրականացման նպատակով: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը:

Ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել  Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն  ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի «Կենսոլորտային արգելավայր»  պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն):

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում:

Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզμում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը