Լրահոս

18.07.2011 15:31


ԵՀՄՖ-ը դիմում է աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու ստորագրահավաքի

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ  ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև «մշակույթային ցեղասպանության» շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել «մշակույթային ցեղասպանություն>> իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը:          ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օն-լայն ստորագրահավաք «Նոյան Տապան»-ի կայք էջում` հետևյալ հասցեով www.nt.am:

ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին` խնդրանքով «Նոյան Տապան»-ին համանման կազմակերպել օն-լայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը:

ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով:

Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն անգլերեն ռուսերեն տարբերակները:

Հարգելի տիկին Բոկովա

 

Ս/թ հունիսի 20-ի նամակով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմել էր Ձեզ` արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները և ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը:

ԵՀՄՖ-ը` որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները և միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն,  հայտնում է իր կտրուկ բողոքը և զայրույթը մեր կողմից կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ և նշում է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք և կշարունակենք ներկայացնել բոլոր հնարավոր համաշխարհային ԶԼՄ-ներում որպես բացառիկ բացասական երևույթ` մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ:

ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ և ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք, այս միջադեպը միջազգային ԶԼՄ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար, հանրությանը կատարվածի պատճառը բացատրելու և Ձեր կողմից ներողություն հայցելու նպատակով:

Եթե UNESCO-ն ապագայում նույնպես խնդրո առարկայի շուրջ ցուցաբերի անտարբերություն, ԵՀՄՖ-ը կկիրառի համապատասխան քայլեր կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս նախադեպը չունեցող քայլի մանրամասները հանրությանը բարձրաձայնելու և ողջ համաշխաարհային հասարակությանը ներկայացնելու համար:

Ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը:

Խորին հարգանքով`

Աշոտ Գրիգորյան

ԵՀՄՖ-ի Նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը