Լրահոս

18.07.2011 13:52


Թե ինչպես է պետկադաստրը Երևանում բնակարաններ «շնորհում» գյումրեցի անօթևան ընտանիքներին

Որպեսզի երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքը կարողանա մասնակցել աղետի գոտում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին, պետք է բազմաթիվ փաստաթղթերից  և տեղեկանքներից բաղկացած փաթեթ ներկայացնի բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբին: Այդ փաստաթղթերը հայթայթելու համար տվյալ անօթևան ընտանիքը որոշակի ծախսեր պետք է կատարի: Հավանաբար   բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հոգսը թեթևացնելու նպատակով` պետությունը բնակարանների բաշխման հետ կապված մի շարք գործառույթներ և տեղեկանքների վճարներ, այդ թվում`  սեփականության մասին ՀՀ անշարժ գույքի կադաստրից տեղեկանքների ստացումն ու  դրանց համար նախատեսված գումարների մուծումները, վերցրել է իր վրա:

Սակայն հենց դրա հետ կապված` այստեղ ուզում եմ անդրադառնալ այն խնդրին,

թե պետկադաստրի կողմից տրամադրվող երբեմն կիսատ-պռատ և անհիմն տեղեկություններ պարունակող տեղեկանքների պատճառով ինչպիսի քաշքշուկների մեջ են հայտնվում հարյուրավոր անօթևան ընտանիքներ….

Պատկերացնում եք երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և 23 տարի շարունակ խոնավ ու խարխուլ տնակում մի կերպ պատսպարված այն անօթևան ընտանիքի վիճակը, որին բնակարանների բաշխման հանձնաժողովում պատասխանում են, թե ձեզ պետությունը բնակարան չի կարող տալ, քանի որ համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի այս կամ այն ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի` Երևանում ունեք 2, 3 և նույնիսկ 4 բնակարան կամ  առանձնատուն:  Սովորաբար  նման դեպքերում, ըստ նույն տեղեկանքների, տվյալ անօթևան ընտանիքը մեկական բնակարան էլ Գյումրիում կամ հանրապետության մեկ այլ քաղաքում ունի:

Ինչ է մնում անել տվյալ խեղճ ու կրակ անօթևանին…. Ապացուցել, որ ինքը բացի իր կիսաքանդ տնակից ոչինչ չունի: Դրա համար նա նախ պիտի կարողանա մի 30-40 հազար դրամի չափով գումար հայթայթել, ապա պիտի գնա հասնի Երևան, թակի այն բոլոր` իրեն «պատկանող» բնակարանների դռները, և եթե բախտը բերի ու այդ տների դռները նրա առաջ բացեն, բնակարանատերերից խնդրի բնակարանների սեփականության վկայականների ու այդ ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները, հետո դրանք պիտի տանի կադաստրի տվյալ տարածքի բաժին, ապացուցի, որ բնակարանը իրենը չէ, այլ պարզապես անուն-ազգանուններն են համընկել,  կատարի համապատասխան մուծումներ, նոր` ճշգրտված տվյալներով, սեփականության մասին  տեղեկանքներ վերցնի, բերի բնակբաշխման հանձնաժողով: Եվ կադաստրի կառույցների ղեկավարները սովորաբար նման, գյումրեցիներիս բառով ասած` «քյալագյոզության» և սխալ տեղեկությունների տրամադրման համար որևէ պատասխանատվություն չեն կրում, կասեի ճիշտ հակառակը` գումարներ են աշխատում, իսկ անօթևան ընտանիքներն ընկնում են պարտքերի մեջ: Նման սխալ տեղեկությունների տրամադրումը կադաստրում հիմնականում պատճառաբանում են իրենց ունեցած տեղեկատվական  բազայի թերիությամբ:

Նման պարագայում  այն անօթևան ընտանիքների բախտն  է  բերում, որոնք ունեն հազվադեպ հանդիպող ազգանուններ: Կադաստրում սեփականության մասին տեղեկությունները հիմնականում ստուգվում են անուն-ազգանունով, որի դեպքում, ինչպես դժվար չէ պատկերացնել,  զուգադիպությունների հնարավորությունը բավական մեծ է:

Գուցե կհարցնեք, թե այդ դեպքում կադաստրի ստորաբաժանումներն ինչի համար են այդ քանակությամբ աշխատակիցներ պահում, ի դեպ` նրանցից շատերն էլ հաստավիզ ու կերած-խմած տեսքով: Կամ ինչու պիտի քաղաքացին չարչարվի ու դեռ նույնիսկ գումարներ վճարի կադաստրի սխալներն ուղելու համար… Կարծում եմ` այս հարցերի պատասխանը պիտի տան ՀՀ բարձրագույն իշխանությունները, որոնք կարծես թե չեն զլանում ամեն ինչ անել, որ շարքային քաղաքացին հիասթափվի և բռնի արտագաղթի ճանապարհը:

Իհարկե, նման իրավիճակում հայտնված անօթևան ընտանիքն ունի նաև այլընտրանք… նա պարզապես կարող է  նորոգել իր տնակը և գլուխը կախ շարունակել բնակվել , ինչպես  ապրել է այս վերջին 23 տարին:

Վերջում ուզում եմ բնակարան ստանալու հավակնորդ և նման խնդրի առաջ կանգնած գյումրեցի հարյուրավոր անօթևաններից ընդամենը մի կոնկրետ օրինակ բերել:

Գյումրեցի անօթևան, նպաստառու Վահե Պետրոսյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված  է 901 հերթական համարում, ստանալու են մեկսենյականոց բնակարան:  Երեք ամիս առաջ բնակբաշխման հանձնաժողով էին ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերն ու անհամբեր սպասում էին, թե վերջապես երբ է հասնելու բնակարան ստանալու իրենց հերթը: Սակայն 3 օր առաջ նրանց զանգահարել են բնակբաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խմբից և հայտնել են, որ ընտանիքի անդամների անունով չորս հատ Երևանում  և մեկ հատ էլ Գյումրիում սեփական բնակարան ունենալու մասին տեղեկանք է ստացվել  կադաստրից, այդ թվում նրանց 12-ամյա աղջկա անունով նշվել է միանգամից 2 բնակարան Երևանում:  Այստեղ առավել զարմանալին այն  է, որ ընտանիքը 3 ամիս առաջ իր հերթին վճարում կատարելով` կադաստրի Գյումրու ստորաբաժանումից արդեն իսկ տեղեկանք էր ստացել սեփականություն չունենալու մասին, որն էլ ներկայացրել էր բնակբաշխման հանձնաժողովին: Փաստորեն պետկադաստրը նույն ընտանիքին տրամադրել է երկու տարբեր, իրարամերժ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ, մեկը` որ սեփականություն չունեն, մյուսը  ճիշտ հակառակը` որ ունեն: Դե հիմա, խեղճ անօթեւան ընտանիք, արի ու  ապացուցիր, որ այդ բնակարանները ձերը չեն, հակառակ պարագայում` հինգ անձով  մեկսենյականոց  բնակարանի սպասող ընտանիքը որպես ոչ կարիքավոր կզրկվի բնակարան ստանալու իրավունքից:   Հիմա գործազուրկ, Երևանի անցուդարձից անտեղյակ ընտանիքի հայրը կադաստրի թափթփված գործելակերպի պատճառով հայտնվել է անելանելի վիճակում:

Այսպիսի բաներ…

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը