Լրահոս

18.07.2011 11:38


Հայտնի են Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի բոլոր չորս մասնակից թիմերը

Հայտնի են Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի բոլոր չորս մասնակից թիմերը

Այս գիշեր կայացել է Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։ Բրազիլիան մրցում էր Պարագվայի հետ, իսկ Չիլիի մրցակիցը Վենեսուելան էր։

Բրազիլիա–Պարագվայ խաղի ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ժամանակները ավարտվել են անարդյունք ոչ ոքիով՝ 0։0՝ չնայած բրազիլացիների խաղային և տարածքային մեծ առավելությանը։ Հերթը հասել է խաղին հաջորդող տասնմեկմետրանոց hարվածաշարին։ Հատկանշականն այն էր, որ բրազիլացի չորս ֆուտբոլիստներից ոչ մեկը չի կարողացել 11–մետրանոցից գրավել Պարագվայի դարպասապահ Խուստո Վիլյարի դարպասը, ով ամբողջ խաղն անցկացրել է բարձր մակարդակով և մի քանի անգամ վերահաս գոլից փրկել իր հավաքականին։ Բրազիլացիներ Ելանոն, Անդրե Սանթոսը և Ֆրեդը շեղ են հարվածել, իսկ Թիագո Սիլվայի հարվածը հետ է մղել Պարագվայի դարպասապահ Վիլյարը։ Փոխարենը Պարագվայը 11–մետրանոցից երկու գոլ է խփել ու հայտնվել կիսաեզրափակչում։

Հերթական անակնկալն է գրանցվել քառորդ եզրափակչի մյուս դիմակայությանը, որտեղ ֆավորիտ համարվող Չիլին 1։2 հաշվով պարտվել է Վենեսուելայից։

Եվ այսպես՝ Ամերիկայի գավաթի երկու կիսաեզրափակիչներում միմյանց դեմ կխաղան Ուրուգվայ–Պերու և Պարագվայ–Վենեսուելա զույգերը։ Հետաքրքրական է, որ քառորդ եզրափակչի բոլոր սիրված հավաքականները՝ Արգենտինան, Կոլումբիան, Բրազիլիան և Չիլին, հետագա պայքարից դուրս են մնացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը