Կարծիք

10.01.2022 10:01


ՀԱՊԿ-ն իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր

ՀԱՊԿ-ն իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։

Պրոպագանդիստները շարունակ պնդում են, որ ՌԴ-ն, ԽՍՀՄ փլուզման հետ միասին, կորցրել է իր նախկին ազդեցության իրավունքը։ Իսկ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ մեկտեղ, կոնսոլիդացրել է հետխորհրդային տարածքը ազատության, մարդու իրավունքների, հռոմեական իրավունքի և տնտեսական զարգացման իդեալների շուրջ։ Եվ այս հանգամանքը՝ հօգուտ Ռուսաստանի չէ։

Դատելով քարոզչական-քաղաքական նարատիվներից, հավաքական Արևմուտքը գտնում է, որ ավելի ուժեղ է Ռուսաստանից և՛ տնտեսապես, և՜ ֆինանսապես, և՛ «քաղաքակրթությամբ», և՛ ուժային ցուցանիշներով։ Գուցե նաև վստահ է, որ տիրապետում է բոլոր այն գործիքակազմին, որոնցով կարող է «ստիպել» Ռուսաստանին, օրինակ՝ անջատելով նրան SWIFT համակարգից, և այլն։

Մյուս կողմից, Արևմուտքը չի կարող անտեսել վերջին շրջանի արագ փոփոխությունները։ Իսկ իրական կյանքում տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում։ Այս ռազմա-քաղաքական միությունն, իհարկե իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլի նպատակը պարտվելն ու հողերը հանձնելն էր, այդ պատճառով մինչ պատերազմը, ամեն ինչ արեց ՀԱՊԿ անդամների և հատկապես ՌԴ հետ հակասությունների համար։

Սակայն Բելոռուսի և Ղազախստանի հարցում, ՀԱՊԿ-ը գործեց բավականին օպերատիվ և Չինաստանի բանավոր աջակցության ֆոնի վրա, ցույց տվեց իր գործունակությունը։ ՀԱՊԿ-ը՝ ՌԴ համար ակտիվ գործոն է դարձել հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ ուժերի դուրս գալուց հետո։ Եվ Նիկոլն իր իշխանության պահելու մեջ տեսնում է նաև ՀԱՊԿ-ին (երբ հայ ոստիկաններն ու ԱԱԾ ականներն այլևս չապահովեն կապիտուլյանտական ռեժիմի գոյությունը)։

Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Գուցե կիրառվեն նաև նոր սանկցիաներ։ Բայց այս ամենն արտաքին տեսքն է, որը մենք կտեսնենք քարոզչական-պրոպագանդիստական ինֆորմացիոն տիրույթում։

Իրական քաղաքականության մեջ, վստահ եմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի իրական քաղաքական շրջանակներում հակված չեն սրել առանց այդ էլ անկառավարելի քաոսի վերծվող «գաղափարական» կեղծ հակամարտությունը։ Արևմուտքը ևս թուլանում է, և առաջիկայում բոլորին անհրաժեշտ է լինելու դիմակայել աճող համընդհանուր մարտահրավերներին։ Իսկ ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր պատասխաններ։

Հ.Գ.

Հարգելի ընթերցող։ Այս նյութի տակ քոմենթներ գրելիս, զերծ մնա արևմտամետ կամ ռուսամետ լինելու գայթակղությունից։ Պետք չէ ոչ մեկին տեղի-անտեղի քննադատել։ Ժամանակն է, որպեսզի մտածենք մեր վաղվա օրվա մասին։ Մեր Մեֆիստոֆելն օգտվելով ՀՀ քաղաքական դաշտի անմիտ ամբիցիաներից, թուրքացման տանող օրակարգը սահուն կյանքի է կոչում, և մեզ իրական այլընտրանքներ են պետք։ Երկրին օգուտ են բերելու բացառապես ինքնուրույն գործող և իրատեսական մտքերով քաղաքական ուժերը և նրանց համախմբումը։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը