Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը
Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը սպանվել է ակադեմիայի շենքի վրա գրոհի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը ՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրավել շենքը, ուսումնական հաստատության կուրսանտները նրանց հետ մարտ են վարել։ Մարտերը ղեկավարել է հենց ակադեմիայի պետը։
Ի դեպ, սոցցանցերում հայտնվել է դեպքերի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ երևում է` կուրսանտների մոտ զենքեր չկան։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։
Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Սպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը