Լրահոս

15.07.2011 16:34


Մնացել են ավանդների «նամակին սպասող»

Ավագ և միջին սերնդի վանաձորցիներին մտահոգում է մինչև 1989թ. ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման հարցը: Յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ, քաղաքական գործիչ կամ պատգամավոր «բռնեցնելիս», լրագրող տեսնելիս` մարդիկ պարբերաբար դժգոհում են, որ ավանդներ ստանալու հարցում վերապահումներ են սահմանված (սա` «լավագույն» դեպքում, վատագույն դեպքում էլ` կարծիքներ կան, թե ծանոթ «մեջ գցելու» միջոցով էլ են առաջնահերթության կարգով հատկացումներ արվում` սոցծառայությունների կողմից): Իսկ տարեցներից շատերը տարեց տարի կորցնում են հույսը, թե երբևէ հերթն իրենց էլ կհասնի: «2006թ. ցուցակագրել են իբր 60000 մարդու, որոնք առաջնահերթության իրավունք ունեին, ու նրանցից 40000-ը, իբր, ստացել է, մյուսները ե՞րբ պիտի ստանան, որ նոր ցուցակագրում լինի, ու հերթը ինձ ու իմ նման շատերին հասնի»,- ասում է 76-ամյա նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանը ու հեգնում. «Մեռած թոշակառուների անունով գումարներ էին դուրս գրել սոցապ նախարարությունում, բայց ողջ մնացածները, փաստորեն, չեն կարողանում իրենց տարիներով կուտակած ավանդը ստանալ»: Նա նաև պնդում է, որ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում ավանդների վերադարձման գործընթացն ավարտվել է, բացի` Հայաստանից: Վերջերս էլ 30-ական թվականների ստալինյան բռնաճնշումների զոհերի ժառանգներն էին իրենց բողոքի ձայնը բարձրացրել վանաձորյան հեռուստատեսությամբ, և պահանջում էին, որ բռնադատվածների ժառանգներն էլ առաջնահերթության կարգով ստանան ավանդների փախհատուցում: Կարծում ենք, ամեն պարագայում ավանդը պետք է շուտափույթ փոխհատուցվի: Աշխատանքի վետերանն ինչո՞վ է մեղավոր, որ ինքը պատերազմի վետերան չէ կամ բռնադատվածի ժառանգ: «Ես մեղավոր ե՞մ, որ իմ վախտը  կռիվ չի եղել, պատերազմ չեմ գնացել, ուրեմն մինչև մեռնելս ինձ էդ փողը չպտի հասնի՞»,- մի առիթով տեղական հեռուստատեսությամբ դժգոհում էր 70-ն անց մի վանաձորցի: «Մայրս շուտով 80 տարեկան կդառնա, 50 տարի քիմգործարանում աշխատել է, 2 գործազուրկ դուստրերով էդ կնոջ թոշակի հույսին նստած ենք, մեզ էլ ոչ գործազուրկի նպաստ են տալիս, ոչ ընտանեկան նպաստ, ոչ աշխատանք կա` թե աշխատենք, գոնե էդ անտեր ավանդը տային, յոլա գնայինք»,-ասում է Կլարա Կրմզյանի դուստրը` նախկին ինժեներ Անահիտը: Մարդիկ նաև դժգոհում են, որ ավանդ ունեցողի ժառանգին իրավաբանորեն չի հասնում այդ ավանդը, իսկ մահացածի այրին էլ կիսով չափ կարող է ստանալ ավանդը, այն էլ` հայտնի չէ թե երբ հերթն իրեն հասնելու դեպքում: Հատկանշական է, որ Արցախում վերջերս որոշում էր ընդունվել (ըստ հանրապետական լրատվության) մինչև 1976թ. ծնվածների ավանդները փոխհատուցելու մասին, իսկ Հայաստանում, փաստորեն, 76 տարեկանին էլ դեռ  հերթ չի հասնում (ավելացրած այն, որ 90 տարեկանին ավանդ չհասնելու դեպքի էլ ենք ականատես եղել` հանրապետական հեռուստատեսությամբ, երբ գյուղաբնակ զառամյալ կնոջը` անկողնուն գամված, ի պատասխան նրա անունով կառավարություն ուղարկված նամակի` խորհուրդ էին տվել նամակի պատասխանը ստանալ կառավարության կայքէջից): Կարծում ենք, սոցապ նախարարությունում հայտնաբերված խոշոր չարաշահումների գումարները բյուջե վերադարձնելու դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ թվով ավանդ ունեցողների գումարները փոխհատուցել, այլապես տպավորություն է ստացվում, թե կառավարությունում «իմունիտետ» են ձեռք բերել այս հարցի առնչությամբ և գործնական ոչինչ չեն անում` մարդկանց դժգոհությունը մեղմելու ուղղությամբ:

Գայանե Հովսեփյան,

Վանաձոր

Այս խորագրի վերջին նյութերը