Կարծիք

04.01.2022 19:48


Զարթնի՛ր, Հայաստան, վաղը կարող է ուշ լինել

Զարթնի՛ր, Հայաստան, վաղը կարող է ուշ լինել

Այն, ինչ տեղի է ունենում սահմանամերձ Վարդենիսում, սովորական բոսյակություն չէ։ Վարդենիսում փորձարկվում է «նոր» Հայաստանի պետական կառավարման մոդելը, որտեղ իշխում են բիրտ ուժը, ժանդարմների կամայականությունը, անպատժելիությունը։

նիկոլականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ սահմանամերձ Վարդենիսում նրանք այլևս նախկին են, այլևս մերժված են, այլևս գտնվում են պատմության աղբանուցում։ ՔՊ-ական նախկին համայնքապետը, ով լայն հասարակությանը հայտնի է նրանով, որ ընտրարշավի թեժ օրերին, լրիվ պատահաբար, հայտնվել էր Հաղթանակ կամրջի վրա, հենց այն պահին, երբ մի երիտասարդ վարդենիսցի պատրաստվում էր ցատկել Հրազդան գետը, խիստ էկլեկտիկ կերպով է մեկնաբանում ընտրական օրենսգիրքը։ Աստված նորահայտ փրկիչ-սփայդերմանի հետ. առանձին վերցված մեկուսացված տարածքում նա կարող է իրեն Մարկոս Ավրելիոս էլ կարծել, բայց ո՞ւր է պետությունը, ինչո՞ւ չի սանձում Վարդենիսում ծավալվող քաղաքական գրոտեսկը, երբ ընտրություններում պարտվածը՝ կամակոր երեխայի պես, կրծքին է սեղմում համայնքապետարանը կնիքն ու հիստերիկ աղաղակում՝ «չեմ տա, իմն ա»։ Հասարակական կարգ ու կանոնը հսկելուն կոչված ոստիկանությունը դարձել է «փրկչի» հլու-հնազանդ գործիքը։ Ո՛վ է իրավունք տվել վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող ոստիկանությանը խոչնդոտել ավագանու նիստի անցկացմանը, քաղաքական կողմնապահություն դրսևորել։ Ես հարկ չեմ վճարում, որ ժանդարմները ՔՊ-ի հլու-հնազանդ գործիքը դառնան, որոշեն՝ ավագանու անդամները երբ իրավունք ունեն համայնքապետարան մուտք գործել։

Չէ, սրանք զուտ վարդենիսյան կրքեր չեն։ Սա այն է, ինչ սպասում է Մարտունուն, Եղեգնաձորին, Աշտարակին, Գյումրիին, Երևանին, և ողջ Հայաստանին եթե նիկոլականները կարողանան հաջողել Վարդենիսում։

Սիրո և համերաշխության հեղափոխականներ, այսօր ժանդարմները ավագանու անդամներին չեն թույլատրում համայնքաետարանի շենք մտել, վաղը պատգամավորին թույլ չեն տա օրենք ընդունել, իսկ մյուս օրն արդեն քեզ թույլ չեն տա կարծիքդ հայտել կամ կպարտադրեն գլուխ խոնարհել օգոստոսափառ վարչապետի առաջ։

Զարթնի՛ր, Հայաստան, վաղը կարող է ուշ լինել։ Մի թող, որ թուրքի առաջ ծնկածը իր կամքը պարտադրի Հայկի սերնդին․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը