Աշխարհ

31.12.2021 18:39


2021թ․ Հնդկաստանում ռեկորդային թվով վագրեր են սպանվել

2021թ․ Հնդկաստանում ռեկորդային թվով վագրեր են սպանվել

Հնդկաստանում 2021 թվականին ռեկորդային թվով վագրեր են սպանվել։ Վագրերի պահպանության հնդկական մարմինը հայտնել է, որ 2021 թվականին ոչնչացման եզրին գտնվող 126 մեծ կատու է սպանվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է տասը տարի առաջ տվյալների հավաքագրման սկսվելուց ի վեր:

Նախկին տարեկան մահացությունների առավելագույն թիվը՝ 121 վագր, եղել է մինչ Վագրերի պահպանության ազգային վարչությունը (NTCA) 2016 թվականին կսկսեր տվյալների հավաքագրումը:

Հնդկաստանում ապրում է աշխարհի վագրերի մոտ 75 տոկոսը: Համարվում է, որ անկախության նվաճման ժամանակ՝ 1947 թվականին, երկրում եղել է մոտ 40 000 վագր, սակայն որսը և բնակության վայրերի կորուստը նրանց թիվը հասցրել է վտանգավոր ցածր մակարդակի:

2010 թվականին Հնդկաստանը և 12 այլ երկրներ մինչև 2022 թվականը վագրերի թիվը կրկնապատկելու մասին համաձայնագիր են ստորագրել: Անցյալ տարի կառավարությունը հայտարարել էր, որ ժամանակից շուտ է հասել նպատակակետին, ըստ գնահատականների՝ 2018-ին եղել է 2967 վագր՝ 2006-ի 1411 արարածի ռեկորդային նվազագույնի համեմատ:

Այս թիվը դեռևս ավելի ցածր է, քան 2002 թվականին, երբ վագրերի պոպուլյացիան կազմում էր մոտ 3700, սակայն վարչապետ Նարենդրա Մոդին այն անվանել է «պատմական» ձեռքբերում:

Վերջին տասնամյակում վագրերը հիմնականում մահացել են «բնական պատճառներով», սակայն շատերը դարձել են նաև որսագողերի և «մարդկանց ու կենդանիների հակամարտությունների» զոհ:

Մարդկանց ոտնձգությունները վագրերի կենսական միջավայրերի նկատմամբ վերջին տասնամյակների ընթացքում շատացել է 1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրում:

Կառավարության տվյալների համաձայն, 2014-2019 թվականներին վագրերի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 225 մարդ:

Wildlife SOS կազմակերպության հիմնադիր Կարթիկ Սաթյանարայանը AFP-ին ասել է, որ մարդկանց և կենդանիների միջև կոնֆլիկտի հետևանքով մահվան պատճառը եղել է «վագրի բնական միջավայրի մասնատումը»։ «Վագրերը բնակվում են ջունգլիների հսկայական տարածքներում և անհնար են համարում առանց մարդկանց բնակավայրերը հատելու այլ անտառներ գաղթելը, ինչը մեծացնում է հակամարտությունների հավանականությունը»,-ասել է նա:

Քննադատներն ասում են, որ կառավարությունը նաև թուլացրել է նախագծերի, ներառյալ հանքարդյունաբերության համար բնապահպանական կանոնակարգերը:

Սաթյանարայանը նաև նշել է, որ որսագողության հիմնական պատճառներից են վագրի կաշվի աճող պահանջարկը և ավանդական չինական բժշկության մեջ վագրի մարմնի մասերի օգտագործումը։

Կառավարությունը, այնուամենայնիվ, ջանքեր է գործադրել վագրերի պոպուլյացիան ավելի լավ կառավարելու համար՝ ողջ երկրում կենդանիների համար 50 բնակավայրեր ամրագրելով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը