Աշխարհ

27.12.2021 14:55


Փաշինյանը շտապում է հանդիպել Էրդողանի հետ. Տարասով

Փաշինյանը շտապում է հանդիպել Էրդողանի հետ. Տարասով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվել է բազմաքայլ ինտրիգի կենտրոնում: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առցանց ասուլիսի ժամանակ վերջինիս ակնարկին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին: Փաշինյանը նշել էր, որ «Էրդողանի հետ հանդիպման մտքեր չկան, սակայն եթե բանակցային գործընթացը հաջող ընթանա և հասունանա այդ պահը, ապա, իհարկե, դրան պետք է հետևեն բարձր մակարդակով հանդիպումները»:

Այս մասին գրելով՝ փորձագետն ընդգծում է այն հանգամանքը, որ հենց Թուրքիան է առաջինը հայտնել հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշման մասին: Այդ հանգամանքը նա «հատկանշական» է համարում:

Այդ առնչությամբ, Տարասովը վերհիշում է նաև սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ Էրդողանը ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նիստին մեկնելիս հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն փոխանցել է հանդիպելու մասին Փաշինյանի առաջարկը: Էրդողանի խոսքով՝ «եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ»: Սակայն Էրդողանը հանդիպման անցկացումը հնարավոր էր համարում պայմանով, որ Երևանը պետք է բացի այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանն այնուամենայնիվ որոշել է «չգործել Մոսկվային շրջանցելով» և որոշել է «ջրի երես հանել» Երևանի գործողությունները, ինչից որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը «ռուս գործընկերների հետ քննարկումներում տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին»:

Ըստ Տարասովի՝ այլ կարևոր մանրուքներից է այն, որ թուրքական կողմն իր ներկայացուցիչ է նշանակել ազդեցիկ թուրք դիվանագետ Սերդար Քըլըչին, որը ոչ միայն մտերիմ է Էրդողանի ընտանիքի հետ, այլև լուրջ կապեր ունի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի առաջնորդների հետ: Որոշ արևմտյան և թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ նրա թեկնածությունն Անկարան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ համաձայնեցրել է, ինչը վկայում է այս խաղում Թուրքիայի կատարած մեծ խաղադրույքների մասին: Ինչ վերաբերում է Երևանին, ապա խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշ ժամանակ ապրել է Թուրքիայում, որտեղ թուրքական կազմակերպություններից ստացած դրամաշնորհներով զբաղվել է ինչ-որ ուսումնասիրություններով: Նա պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, և նա բանակցորդի փորձ չունի:

Միևնույն ժամանակ Տարասովը՝ հղում անելով իր թուրքական աղբյուրներին, հայտնում է, որ Անկարայում «մինչև 2022 թվականի մայիս կմշակվի եռափուլ ճանապարհային քարտեզ», որը կներառի Երևանին ներկայացվելիք պահանջները «1915 թվականի իրադարձությունների գնահատման հարցում Արևմտյան Հայաստանի նկատմամբ պահանջներից հրաժարումը գրավոր կերպով հաստատելու մասին»:

Բացի այդ, Անակարայում կարծում են Երևանի հետ հարաբերություններում «նշաձողերի խոշոր փոփոխություն պետք չէ սպասել հուլիսից շուտ, երբ նախաձեռնվելու են «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման առաջին քայլերը»: Ըստ հեղինակի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման կողմերի մտադրության ֆոնին, որոնց Նախիջևանով միանում է Թուրքիան, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությւոնների կարգավորման գործընթացը տրամաբանական է թվում: Հատկապես, որ իր գործունությունն է սկսել «3+2» ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան):

Անդրկովկասում պոտենցիալ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ձևավորվում, երբ հարկ է լինում նորովի գնահատել՝ տարածաշրջանային դինամիկան: Փաշինյանին ոչ հեշտ մարտ է սպասվում իր ազգային, ինչպես նաև միջազգային կերպարի պահպանման համար, հատկապես բաց և փակ դիվանագիտության ժամանակահատվածում:

Աղբյոջրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը