Տնտեսական

23.12.2021 14:38


Կառավարությունը Հայաստանը գցում է հերթական վարկի տակ

Կառավարությունը Հայաստանը գցում է հերթական վարկի տակ

ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 25 մլն եվրո կստանա` Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար։ Այս մասին նշված է կառավարության համապատասխան որոշման նախագծում։ Ըստ հիմնավորման 25 մլն-ից 20-ը վարկ է` 15 տարի մարման ժամկետով, 5 մլն-ը` դրամաշնորհ։

ՎԶԵԲ–ի հետ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերը հաստատվել են այսօր ՀՀ կառավարության նիստում։ Ի դեպ, «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային ու դրամաշնորհային ծրագրերը ՎԶԵԲ-ի ու հայկական կողմի միջև ստորագրվել էին 2021թ. նոյեմբերի 24-ին։

Նախագծում նշվում է, որ Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել ու Երևանի քաղաքապետարանին էր տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել էր նախնական գնման (Advanced Procurement) մրցույթ՝ սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ շուրջ 100 ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցույթն այս պահին դեռ առաջարկների գնահատման փուլում է։ Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված էր 2021թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը