Լրահոս

14.07.2011 14:42


Գյումրու բուհերը շարունակում են մնալ դժվարին կացության մեջ

Գյումրու բուհերը շարունակում են մնալ դժվարին կացության մեջ

Այս տարի դպրոցներում շրջանավարտների բացակայության պատճառով Գյումրիի բուհերը հայտնվել են նորանոր խնդիրների առջև: Կառավարության որոշմամբ՝ կրճատվել է պետական բյուջեից բուհերին հատկացվող ֆինանսավորումը: Պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողների չափով հատկացվող ֆինանսավորումն այս ուսումնական տարում զգալիորեն նվազել է: Պետբյուջեից ֆինանսավորում ստանալու համար ղեկավարությունը պետք է պարտադիր կրթական ծրագիր ներկայացնի: Այս իրավիճակում պետական բուհերում սպասվում է դասախոսական կազմի կրճատում, ինչպես նաև դրույքաչափերի պակասեցում գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Գյումրու ամենամեծ բուհի՝ Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հավաստիացնում է, որ իրենք ամեն ինչ արել են հատկապես ֆինանսական ոլորտում մարտահրավերներին դիմագրավելու համար:

«Այս տարի ավելի՛ ծանր վիճակում ենք հայտնվել։ Ինստիտուտում քննարկվել է այդ հարցը, և կրճատումներ կլինեն: Բայց աշխատել ենք, որ դրանք լինեն մասնակի. հիմնականում այն մասնագիտությունների գծով են կրճատումներ եղել, որտեղ ո՛չ այս տարի, ո՛չ էլ անցած երկու տարիներին դիմորդներ չենք ունեցել, կամ մեկ–երկու հոգի են եղել»,-տեղեկացրել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրգորյանը:

Չնայած այն հանգամանքին, որ դիմորդների քանակով Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը համեմատական կարգով շատ տխուր ցուցանիշներ է գրանցել այս տարի, այնուամենայնիվ, ՃՀԳՄ ռեկտոր Վահան Շահբազյանն ապագայի նկատմամբ լավատեսորեն է տրամադրված.

«Կրճատումներ չենք արել, դասաբաշխումը կլինի օգոստոսին, և այն ժամանակ կտեսնենք: Այս տարի Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին հատկացվել է ընդամենը 30 անվճար տեղ: Հիմա պարզվում է, որ 30-ն էլ է շատ, որովհետև շրջանավարտ չկա, իսկ բանակից զորացրվածները, ովքեր կարող էին ընդունվել, կտրվեցին»,-ասել է ՃՀԳՄ ռեկտոր Վահան Շահբազյանը, սակայն չի ցանկացել կրճատումներին անդրադառնալ, քանի որ օգոստոսին կարող է դիմորդների հոսքը փոխվել: Վ. Շահբազյանը չի ցանկացել բացատրել՝ որտեղից է նման լավատեսությունը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը