Կարծիք

14.12.2021 11:38


Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. նոր զիջում

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. նոր զիջում

◾ Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը և Թուրքիան սկսում են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն իրականացվելու է հատուկ նշանակված բանագնացների միջոցով։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիան մի քանի նախապայմաններ է առաջադրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից հրաժարումից մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրում։ Վստահ կարելի է պնդել, որ Թուրքիան չի հրաժարվել այս նախապայմաններից։ Ուրեմն Հայաստանի կապիտուլիացիոն վարչակարգն է համաձայնել դրանց։ Եթե գործընթացն առաջ է գնում (ինչպես տեսնում ենք), ուրեմն մենք հերթական անգամ զիջել ենք։ Արձանագրենք, որ հերթական անգամ այս ամենն ընթանում է գաղտնի և հայ հասարակության մասնագիտացված շրջանակների հետ առանց որևէ քննարկման։ Ավելին, եթե նայեք, թե Թուրքիան և Ադրբեջանը միջազգային հարթակներում ինչ գործունեություն են ծավալում, ապա կտեսնենք, որ նոր նախապայմանների համար հող է նախապատրաստվում։

◾ Այս գործընթացով մեկնարկում է հայկական պետականության թուլացման և թուրքացման հերթական արարը։ Այժմ փաշինյանական վարչակարգը ունի լուծելու կարևոր խնդիր. անհրաժեշտ է ՀՀ բնակչությանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցել հայ-թուրքական եղբայրության գաղափարը։ Սա է պատճառը, որ վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալել զանազան հասարակական գործիչներ, կեղծ գիտնականներ ու փորձագետներ, ովքեր ամենաօրյա ռեժիմով քարոզում են Արցախից ու Ցեղասպանությունից հրաժարում և Թուրքիայի հետ «առևտուր անելու անհրաժեշտություն»՝ մոռանալով հայկական ազգային շահերը։ Ավելին, դրանով նրանք մեծ վնաս են հասցնում տարածաշրջանային մեր այն հնարավոր դաշնակիցներին, որոնք ևս կանգնած են թուրքական ծավալապաշտության առջև։ Առաջիկա շրջանում այս բացահայտ քարոզի մասշտաբները էլ ավելի են մեծանալու։

◾ Միաժամանակ Թուրքիան և Ադրբեջանը, արևելյան քաղցրախոսությանը զուգահեռ, շարունակելու են թուլացնել մեր պետությունը, որովհետև նրանց վերջնական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերություններ ունենալն է, այլ այս տարածաշրջանում հայկական անկախ քաղաքական միավորի վերջնական վերացումը։ «Խաղաղ գոյակցության» մնացած սցենարները պատրանքն են կամ գիտակցված թուրքական քարոզ։

◾ Հ.Գ. Այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանին այսպիսի «դրական» ազդակ էր ուղարկել. «Այնուամենայնիվ, մյուս կողմից գոյություն ունի այսպիսի ճշմարտություն. ոչ շատ վաղ, մեկ դար առաջ այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները։ Սա շատ կարևոր է»։

#հակաՀայաստան #սարդարապատ2 #խաղաղությանվկաները

Վարուժան Գեղամյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը