Լրահոս

13.07.2011 14:11


Գյուղացիները կարկուտի պատճառով չեն կարողանում վճարել բանկերին

Գյուղացիները կարկուտի պատճառով չեն կարողանում վճարել բանկերին

Երեկ երեկոյան կրկին կարկտահարվել են Շիրակի մարզի մի շարք համայնքներ: Մոտ 15 րոպե տևած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի Մարմաշեն և Ջրափի համայնքների գյուղացիական տնտեսություններին: Հիմնականում վնասվել են ցորենի, գարու և կարտոֆիլի ցանքատարածությունները: Մարմաշեն համայնքի բնակիչների պնդմամբ՝ ոչնչացել է ակնկալվող բերքի մոտ 50%-ը:

«Մեր հիմնական մտահոգությունը ցորենն է. մնացած բանջարաբոստանային կուլտուրաները դեռ ոչինչ: Հացի բերքը մեր համայնքում հսկայական վնաս է կրել: Հիմա մնում է պետության հայեցողությանը, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերելու: Թող հողի հարկից ազատեն, կամ, չգիտեմ, այլ միջոցներով մեղմեն մեր կրած վնասները: Մինչև հիմա ոչինչ չեն արել»,- ասել է Մարմաշեն համայնքի բնակչուհի Աստղիկ Ոսկանյանը:

Բերքահավաքի շրջանում Շիրակի մարզի շատ գյուղական համայնքներ հայտնվել են դժվարին ֆինանսական խնդիրների առջև։ Տարեսկզբին բանկերից վերցրած վարկերը, որոնք օգտագործվել են հողագործության մեջ, գյուղացիներն այժմ հնարավորություն չունեն վերադարձնելու:

Նշենք, որ գյուղում հակակարկտային կայաններ տեղադրված չեն: Կառավարությունը վերջին տարիներին անընդհատ խոստումներ էր տալիս, որ կարկտահարվելու վտանգի առջև կանգնած համայնքներում անպայման տեղադրվելու են այդպիսի կայաններ: Սակայն մինչ այս պահը մարզում տեղադրված է ընդամենը 11 հակակարկտային կայան:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը