Աշխարհ

13.12.2021 16:17


Ֆրանսիայում կկազմակերպվի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը

Ֆրանսիայում կկազմակերպվի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը

Փարիզի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ֆիլմերի ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ ցուցադրությունն իրականացվում է ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները:

Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր «Հայ կինոյի դասականներ» ծրագրի խնամարկու և ֆիլմերի վերականգնման բրիտանացի փորձագետ Դանիել Բըրդի ներածական խոսքով։

Այս խորագրի վերջին նյութերը